ԷՐԴՈՂԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 5-ին մեկօրյա այցով կմեկնի Ռուսաստան։ Թուրքիայի նախագահի վարչակազմի տվյալով՝ Սոչիում նախատեսված է նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահները կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ հացահատիկային միջանցքի գործարկման ընթացքը։
Էրդողանի նախատեսվող այցին արձագանքել են ԱՄՆ-ից: Թուրքիայի իրավունքն է քննարկել երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Վաշինգտոնն էլ կանոնավոր կապի մեջ է Թուրքիայի հետ մի շարք հարցերով՝ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքար, ՆԱՏՕ, Ուկրաինա: Մենք կզարգացնենք հարաբերությունները Թուրքիայի հետ»,- մանրամասնել է Քիրբին։
ՌԴ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՈՐԾԱԿՑԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Ռուսաստանը ցանկանում է գործակցել թուրքական Baykar ընկերության հետ՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում: Նման առաջարկով հանդես է եկել Վլադիմիր Պուտինը՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրություններն էլ ցանկություն է հայտնել իր տարածքում անօդաչուներ հավաքելու համար արտադրամաս ստեղծել։
Թուրքական կողմը հայտնել է նաև, որ մտադիր է երկարաձգել բնական գազի գնման պայմանագրերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ։
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍՎԵԼ Է
Պարենային գործարքի իրականացման աշխատանքը սկսվել է, հացահատիկով բեռնված առաջին նավը շուտով կլքի ուկրաինական նավահանգիստները՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Հուլուսի Աքարի խոսքով՝ նավերը կստուգվեն ուկրաինական նավահանգիստներում, այդ գործընթացին ներկա կլինեն Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում հացահատիկի արտահանման վերաբերյալ պայմանավորվածությունների տրամաբանությամբ նաև վառելիքի տեղափոխումը կազմակերպելու համար։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն էլ նշել է, որ հացահատիկային միջանցքով կտեղափոխվեն միայն գյուղատնտեսական ապրանքներ, գործընթացը կվերահսկի Ստամբուլում ստեղծված համատեղ համակարգման կենտրոնը։ Այն պաշտոնապես կգործարկվի այսօր։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ. ՍՄԻԹ
Ուկրաինան առաջիկա 3-6 շաբաթվա ընթացքում պետք է վերադարձնի կորցրած տարածքները՝ հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի ղեկավար Ադամ Սմիթը Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ ուկրաինացի պաշտոնյաները ցանկանում են խաղաղության համաձայնագիր կնքել ռուսական կողմի հետ, սակայն դա անհնար է առանց տարածքային ամբողջականության։ Ադամ Սմիթը վստահեցրել է, որ նրան այս մասին ասել են Ուկրաինայի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Ձմեռը մոտ է, եղանակային վատ պայմանները կդանդաղեցնեն մարտերի ընթացքը, դաժան պատերազմ կլինի»,- մտահոգություն է հայտնել պաշտոնյան:
ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԶԵՆՔ ԿԻՐԱՌԵԼ. ԳԱՆՑ
Իսրայելը պատրաստ է զենք կիրառել՝ զսպելու Իրանի միջուկային ծրագրի զարգացումը՝ հայտարարել է պաշտպանության նախարարը։
«Իրանը խնդիր է ամբողջ աշխարհի և ոչ միայն Իսրայելի համար»,- ասել է Բենի Գանցը։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է օգտագործել միջուկային էներգիան միայն խաղաղ նպատակներով։ Վերջերս էլ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչություն տնօրեն Ուիլյամ Բեռնսը տեղեկացրել է, որ ամերիկյան հետախուզության գնահատմամբ՝ «իրանցիները չեն վերսկսել միջուկային ծրագրի բաղադրիչներից զենք ստանալու աշխատանքները»։