ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, ծանոթացել 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Չարենցի-Բաղրամյան ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին: Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Մարզպետին զեկուցվել է, որ ծրագրի պայմանագրային արժեքը 88 մլն 400 հազար դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից: Միաժամանակ տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված է 870 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի հատվածական փոխում, ուղղում, առուների նորոգում և դպրոցամերձ հատվածի մայթերի կառուցում։
Ծանոթանալով ընթացող աշխատանքներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը շինպատասխանատուներին հորդորել է ծրագիրն իրականացնել պայմանագրով սահմանված ժամկետներում՝ ապահովելով որակական բոլոր չափանիշները:
Հավելենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով և գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ գարնանը կապիտալ նորոգվել է նաև Աբովյան փողոցի նշված հատվածի խմելաջրի համակարգը»,- նշված է գրառման մեջ։