Համացանցում տարածվել է հաղորդագրություն առ այն, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքում «տեղեկատվության պահանջ» և «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գործողությունների վերաբերյալ կարգավորումները հակասություն են առաջացնում և ենթակա են վերանայման: Այս կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակներում իրավաբան գիտնականներ Հրայր Ղուկասյանի, Դավիթ Մելքոնյանի և Արսեն Նիկողոսյանի կողմից մշակվել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույցը, որտեղ իրավաբան գիտնականներն անդրադարձ են կատարել նաև համացանցում քննարկվող՝ նոր օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասին և 249-րդ հոդվածին՝ ըստ էության արձանագրելով, որ դրանք կարգավորում են տարբեր իրավահարաբերություններ:
Մասնավորապես՝ խնդրո առարկա՝ «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության միջոցով վերահսկվում է անձի հաղորդակցությունը:
«Տեղեկատվության պահանջ» գործողության միջոցով անձի հաղորդակցությունը չի վերահսկվում, այլ ստացվում են հաղորդակցվողների վերաբերյալ որոշ տեղեկություններ (հաղորդակցվողների հեռախոսահամարներ, բաժանորդի անհատական տվյալներ և այլն), որոնք անձի անձնական կյանքի գաղտնիք չեն համարվում: Ըստ այդմ՝ ուղեցույցում նաև արձանագրվել է, որ նշված տվյալների ստացման համար դատարանի որոշում չի պահանջվում, քանզի Սահմանադրությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման դեպքում նման բարձր նշաձող չի նախատեսում, ուստի դատախազական հսկողությունը կարող է այդ իրավունքի երաշխավորման պատշաճ միջոց հանդիսանալ։
Հեղինակների կողմից կատարված վերլուծությունը թույլ է տալիս վերահաստատել, որ խնդրո առարկա հոդվածները կարգավորում են տարբեր իրավահարաբերություններ, վերաբերում են տարբեր պաշտպանության մակարդակներ ունեցող տվյալների, հետևապես, օրենսդրական հակասություններ չեն կարող լինել»: