Ամերիկյան հանրահայտ BostonGen-ն արդեն Հայաստանում է: Տեղափոխվել են ամբողջ կազմով և հենց մեր երկրից ծառայություններ կմատուցեն ամբողջ աշխարհին:
Սարգիս Գևորգյան («BostonGene-Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն) - Ամբողջ ինտելեկտը տեխնոլոգիայի հիմա Հայաստանում ա:
Աշխարհում վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթացը հնարավորություն է տվել քաղցկեղի բուժման նոր մեթոդներ մշակել: BostonGene-ը կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատար ընկերություններից է, ուսումնասիրում է քաղցկեղը և արհեստական բանականության միջոցով կլինիկական մոդուլավորում է իրականացնում՝ մշակելով անհատական բուժման մեթոդը:
Սարգիս Գևորգյան - Ստեղծել ենք արհեստական ինտելեկտ, որը համեմատում ա ամբողջ աշխարհի գիտելիքների բազան բուժման կոնկրետ մարդու գենոմի հետ և որոշում ա՝ ինչպես բուժել այդ անձին:
Արտասահմանցի 360 աշխատակիցներին առաջիկայում կմիանան ևս 150-ը: Հայաստանի գիտական ներուժն էր նախադրյալներից մեկը, որ որոշեցին տեղափոխվել Հայաստան՝ ասում է Սարգիս Գևորգյանը:
Սարգիս Գևորգյան - Մեզ մոտ շատ հզոր ընկերություններ են աշխատում, համաշխարհային անունով ընկերություններ: Շատ բաներ որ ստեղծվել է Հայաստանում, հիմա ամբողջ աշխարհը օգտագործում ա:
Ծրագրավորողներից մինչև ուռուցքաբաններ և կենսաբիոլոգներ՝ նախատեսում են աշխատակիցների թիվը հասցնել մի քանի հազարի, այն իրագործելու համար կգործակցեն հայկական բուհերի հետ:
Սարգիս Գևորգյան - Աշխատում ենք համալսարանների հետ, ուզում ենք ամբիոններ բացենք և կադրեր պատրաստենք մեր ընկերության համար:
Գևորգյանն այստեղ աշխատելու դժվարություններից է խոսում՝ մայրաքաղաքում գրասենյակների և բնակարանների վարձակալության գինը շատ բարձր է, բանկային ծառայություններից օգտվելու խնդիրներ ունեն, դոլարի ցածր փոխարժեքն էլ ազդել է եկամուտների վրա:
Սարգիս Գևորգյան - Կառավարությունը լուրջ աջակցեց, և եթե դա չլիներ, ավելի դանդաղ կգնայինք առաջ:
Ընկերության գրանցումից մինչև գրասենյակային տարածքների փնտրում՝ այս հարցում ընկերությանն աջակցել է «Էնթերփրայզ Արմենիան»:
Ալինա Եղիազարյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ) - Մեր թիմն օգնում է ընկերություններին Հայաստանում ընկերություն գրանցելու, տարածքներ որոնելու գործում:
Տեղեկատվական տեխնոլոգիաներից, սննդի վերամշակումից, խելացի գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն՝ ներդրումներ իրականացնելու հարցումների հիմնական մասն այս ոլորտներից են ստանում:
Ալինա Եղիազարյան - Գերմանիայից, Ֆրանսիայից, Էմիրաթներից և այլ երկրներից:
Ներդրումների աջակցման կենտրոնը ներդրողներին ծառայություններ է մատուցում անվճար:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան