Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ստամբուլում աշխատանքն է սկսել ուկրաինական հացահատիկի արտահանման համատեղ համակարգող կենտրոնը, որում ներկայացված են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
«Ռուս մասնագետների հիմնական նպատակն է հնարավորինս օպերատիվ լուծել բոլոր խնդիրները՝ կատարելու հացահատիկային միջանցքի գործարկման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը տեղեկացրել էր, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների շրջանակում նավերի շարժը կարող է սկսվել մի քանի օրից, մանրամասն ընթացակարգերի հրապարակումը սպասվում է մոտ ապագայում: