«Ազատի ջրամբարում եմ. ես զարմանում եմ` ոնց կարելի է այս սիրուն ջրամբարի մոտ բերել ու դարձնել ավտոբուսների գերեզման». ֆեյսբուքյան օգտատերերից մեկն է ահազանգում: Վայրը, որը կարող է դառնալ տուրիստական գոտի, աղբանոցի է վերածվում: Ում են պատկանում ավտոբուսները և ինչու են հայտնվել ջրամբարի տարածքում: Ավտոբուսներին մոտենալու համար ջրամբարի պահակակետ տանող ճանապարհով չենք գնում, այլ այս անհարթ տեղանքով՝ դեպի վերև:
Մակիտոն Հակոբջանյան (Ազատի ջրամբարի տեղամասի պետ) - Սա համայնքի տարածքն է, Ազատի ջրամբարին սահմանակից է, դրա համար տպավորությունն էնպիսին է, որ կարող է Ազատինը լինի: Սրանք սեփական հողեր են, ճիշտն ասած` չգիտեմ` կոնկրետ ումը: Ջրամբարի տարածքը հենց ափն է, մի 150 մետրը համայնքի հողեր են:
Ջրամբարը Լանջազատ բնակավայրում է, որն էլ Արտաշատ խոշորացված համայնքում է: Բնակավայրի վարչական ղեկավարը նշում է՝ ավտոբուսները տարածքում օրերս են հայտնվել, մյուս մանրամասները ճշտում էին նկարահանման պահին:
Աշոտ Պետրոսյան (Լանջազատ բնակավայրի վարչական ղեկավար) - Հիմա համայքնի տարածքում է, բայց ինչ-որ մեկի սեփականությունն է, չգիտեմ` կոնկրետ ումն է, ինչ է: Կդիմենք համայնքին էլ, որ իմանանք` ինչ է, մեզ մոտ փաստաթղթավորված նյութերով չի երևա պատկերը:
Արտաշատ խոշորացված համայնքից ճշտեցին, փոխանցեցին՝ տարածքը նոր գնորդ ունի, հենց նա էլ ավտոբուսները բերել է:
Տարածվող տեսանյութի մասին ավտոբուսների ու տարածքի տերը արձագանքում է կարճ.
«Դա շփոթություն է»:
Հիմա որտեղ ավտոբուսները կանգնած են, ձեր տարածքն է՝ այո, մինչև քարափը:
Կարեն Ասատրյանը տուրիստիական գործունեությամբ է զբաղվում, զբոսաշրջիկների խմբեր է ուղեկցում Իրան, Վրաստան, Հնդկաստան: Ասում է՝ չէր կարծում, որ այդքան արագ ավտոբուսները հայտնի կդառնան, ափսոսում է` գոնե ցանկալի տեսքն ունենային.
«Հիմա սկիզբն է, նոր բերված է, դեռ մաքրված չի, պետք է ձևավորել»:
60 տարեկանում որոշել է մանկության ու երիտասարդության անփոփոխ երազանքը կյանքի կոչել` Ազատի ջրամբարի տարածքում, որտեղ շատ օրեր է անցկացրել, էկոավան ստեղծել:
Կարեն Ասատրյան - Վաճառեցի իմ տունը, իմիջիայլոց, գնեցի էդ ավտոբուսները:
Ինքն էլ վարձով է ապրում, մինչև ծրագիրը կամբողջանա: Տնակներ անիվի վրա՝ դիմացը Ազատի ջրամբարը, շուրջը` կանաչ ու ծառ: Լուսանկարներով է ներկայացնում:
Կարեն Ասատրյան - Սկզբում կլոր տնակներ էի նայում, բայց չգտա, տնակներ գտնելը Հայաստանում դժվար է, ժանգոտած են, վատ վիճակում:
7 ավտոբուս է ձեռք բերել, ավելացնելու մտադրություն չունի: Ասում է՝ ավտոբուսները անիվ ունեին, ու տեղափոխելն ավելի հեշտ եղավ: Ֆինանսական աջակիցներ չունի, բայց գաղափարակից ընկերներ կան, կամավորներ տարբեր երկրներից, ասում է՝ գալու են, որ օգնեն.
«Պետք է ջուր քաշվի, լույս քաշվի»:
Չնայած, բացի ջրամբարից, այստեղ տեսնելու այլ բան չկա, բայց ջրամբարն էլ ինքն իրենով տեսարժան վայր է դարձել՝ ասում է տեղամասի պետը:
Թե՛ թռչող պարաշյուտներով, թե՛ պարզապես տեսնելու համար. գալիս են հենց միայն տեսարանի համար: Վերջին 5-6 տարվա մեջ երկրաչափական պրոգրեսիայով աճում է տուրիստների գալը:
«Բա որ մի սուրճ խմելու հնարավորություն էլ լիներ, կամ այսպիսի տեսարանով տնակներ... հոսքը չէր կանգնի»,- ավելացնում է Հակոբջանյանը, շեշտում՝ խոսքը Ջրամբարի պահպանվող տարածք մուտք ունենալու մասին չէ, այլ հարակից տարածքի:
Էնտեղ միակ մուտքը պահակակետով է, մոտենալ չեն կարող, ձկնորս լինի թե դասախոս, թե տուրիստ: Այս մասում էլ բնությունը թույլ չի տալիս, իսկ Գառնու կողմից ճանապարհն ուղիղ ջրամբար է մոտեցնում, հիմնականում այդ կողմից են գալիս:
Կարեն Ասատրյանն էլ վստահ է՝ բարձունքը, մաքուր օդը, ջրամբարի գեղեցկությունն ու նաև շատ կանաչը երբ որ լինեն, ևս կգրավեն մարդկանց.
«Եթե նայենք ուրիշ հայացքով, այն շատ ունիկալ ծրագիր է, պետք է ամեն ինչ անել, որ էնտեղ մաքուր մնա»:
Հույս ունի` գոնե մինչև աշնան վերջ տարածքն արդեն բարեկարգած կլինի, նաև որոշել է՝ գալ ու ապրել հենց տեղում, երբ արդեն շփոթություն առաջացրած ու ջարդոն հիշեցնող ավտոբուսները կդառնան տնակներ՝ անիվիների վրա:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան