Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը խիստ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին առանց Պեկինի հավանության այցելի Թայվան։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
«Եթե Միացյալ Նահանգները նման միակողմանի քայլ ձեռնարկի, չինական բանակը հանգիստ չի հետևելու դրան: Մենք անպայման կոշտ և արդյունավետ միջոցներ կձեռնարկենք՝ ձախողելու արտաքին միջամտության ցանկացած փորձ, վերջ դնելու թայվանցի անջատողականների ցանկացած մտադրության»,- ասված է հայտարարության մեջ:
Չինաստանի ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ կոնգրեսականի այցը Թայբեյ լուրջ հարված կհասցնի ամերիկա-չինական հարաբերություններին:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտարարել էր, որ Փելոսին ինքը որոշում կկայացնի՝ այցելել Թայվան թե ոչ։