Հայաստանն ի սկզբանե հրաժարվել ու հրաժարվում է քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ խորհրդարանում հայտարարել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ նորից պնդելով՝ նման տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ հայկական կողմի համար: Էդուարդ Աղաջանյանը թեմային անդրադարձավ՝ պատասխանելով դիտարկմանը՝ թե ինչու է Իրանն անհանգստացած շեշտում, որ դեմ է հայ-իրանական սահմանի արգելափակման քաղաքականությանը, եթե օրակարգում նման հարց չկա:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Այսինքն՝ քննարկումներ տեղի ունենում են թե ոչ՝ հրաժարվում է նման հարց քննարկել, հրաժարվել է ի սկզբանե: Իսկ թե այդ հանդիպումներին ինչպիսի հայտարարություններ են հետևում, դրանց մասին դուք տեղյակ եք: Շատ կարևոր է արձանագրել, որ վերջին հանդիպումից հետո հետևել է ԵԽ նախագահի գրասենյակի հերքումը. կարծում եմ՝ հաստատում է Հայաստանի դիրքորոշումն ու ճշմարտացիությունը:
Մարիա Կարապետյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ) - Այն որ հարևան Իրանը պարբերաբար այդպիսի հայտարարություններ անում է, շատ ողջունելի է, այսինքն՝ էդ հարցում մենք ունենք դաշնակից: Դա շատ լավ է, դա ոչ թե ցուցիչն է նրա, որ Իրանը ավելի շահագրգռված է ոչ միջանցքային ապաշրջափակմամբ, քան մենք, ոչ, պարզապես այդտեղ կա շահերի համընկնում:
ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
Կառավարող խմբակցության պատգամավորները տեղեկացրին նաև՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, բայց հստակ ժամկետներ դեռ չեն նշվում: Վերջին անգամ երկու երկրների արտգործնախարարներն էին հանդիպել, 10-ը օր առաջ՝ Վրաստանում:
Էդուարդ Աղաջանյան - Վերջին շրջանում առավել ևս բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում՝ այդ թվում ԱԺ-ի, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում: Եվ հանդիպումները բավականին հաճախ են՝ տարբեր ձևաչափերով: Եվ, որքանով տեղյակ եմ, նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրների ղեկավարների միջև:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ՝ ԵԱՀԿ ԽՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Աղաջանյանը գլխավորում է նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը: Այսօր ամփոփելով միջազգային հարթակի աշխատանքները՝ նա հիշեցրեց, որ ձմեռային նստաշրջանի առաջին նիստի օրը համընկավ ուկարինական իրադարձությունների հետ, ու այդ պահից սկսած կառույցի ուշադրության կենտրոնում հայտնվեց ռուս-ուկրաինական խնդիրը: Այն արտահայտվեց նաև ամառային նստաշրջանում, որտեղ նախ՝ ոլորտային հանձնաժողովների տարեկան բանաձևերում, ապա՝ ընդհանուր հռչակագրում տեղ չգտան հայկական կողմի առաջարկած երեք փոփոխություններ:
Էդուարդ Աղաջանյան - Մեր գնահատականը մենք հնչեցրել ենք հենց ԽՎ-ում: Ես, մասնավորապես, ելույթ եմ ունեցել՝ դատապարտելով այդ որոշումը և բոլորի ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ, ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա: Եվ, ըստ էության, գործնական կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին հետաքրքիր չէ մեր գործընկերներին: Սա մեզ համար անընդունելի գործելակերպ է, դատապարտելի է:
Հռչակագրում առաջարկվող փոփոխությունները, Աղաջանյանի խոսքով, վերաբերում էին պատերազմից հետո գերիների վերադարձի խնդրին, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում մնացած հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու դրա կարևորությանը: Պատվիրակության ղեկավարն ասում է՝ թեև սկզբում փոփոխություններն ունեցել են առավելագույն թվով աջակցություն տարբեր պատվիրակների կողմից, բայց, ի վերջո, չեն ընդունվել փոքր ձայների տարբերությամբ: Ու չնայած այս փաստին՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին մեր պատվիրակությունը շարունակում է բարձրաձայնել
թե՛ նիստերի, թե՛ անձնական շփումների ընթացքում: