Անկարան Երևանից կոնկրետ քայլեր է ակնկալում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
«Մենք լուրջ և վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ակնկալում ենք բարիդրացիական հարաբերությունների հաստատում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Նա անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերը շնորհավորել են իրար Վարդավառի և Կուրբան Բայրամի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությունը:
«Վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում խոսել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացից։ Մեր կարմիր գիծը Ադրբեջանի հարցն էր։ Հայկական կողմին ասացինք՝ այդ հարցը լուծելուց հետո մեր սահմաններն առանց այդ էլ կբացենք»,- նշել է Էրդողանը։
Նա հավելել է նաև, որ հարևան երկրների հետ գործակցության զարգացման համատեքստում Անկարան ցանկանում է մեծացնել Իրանից նավթի և գազի ներմուծման ծավալները:
ԹՈՒՐՔԻԱ-ՌԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ ԿԱ. ԷՐԴՈՂԱՆ
Էրդողանն անդրադարձել է Մոսկվայի և Արևմուտքի հարաբերություններին, համոզմունք հայտնել՝ Վլադիմիր Պուտինի նկատմամբ արևմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքն անհարիր է։
«Ինչպիսի քաղաքականություն վարեք, այնպիսի պատասխան էլ կստանաք»,- նշել է Ռեջեփ Էրդողանը:
Նա հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում դրական շարժ կա։
«Իհարկե, մեր միջև կան որոշ տարաձայնություններ, բայց դրանք չեն ազդում երկկողմ գործակցության վրա: Պետք է զարգացնենք Մոսկվայի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը»,- պարզաբանել է նախագահը։
Էրդողանն անդրադարձել է նաև ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ զարգացումներին, բոլոր կողմերին կոչ արել կատարել հացահատիկային միջանցք ստեղծելու վերաբերյալ՝ Ստամբուլում ստորագրված պայմանավորվածությունները:
«Մեր առաջնահերթությունն է նաև հրադադարի ապահովումը և արդար ու երկարաժամկետ խաղաղության կառուցումը»,- հավելել է Էրդողանը:
Նախագահը խոսել է հուլիսի 20-ին Իրաքի հյուսիսում գտնվող զբոսաշրջային կենտրոնի հթիռակոծության մասին, որի համար իրաքյան կողմը մեղադրել է Անկարային: Նա վստահեցրել է՝ հարձակումն ահաբեկիչների ձեռքի գործն է։ Էրդողանի խոսքով՝ նրանց նպատակն է ապակայունացնել Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները:
ԳԴՀ-Ն ՊԵՏՔ Է ՆՎԱԶԵՑՆԻ ԳԱԶԻ ՍՊԱՌՈՒՄԸ 15-20 %-ՈՎ. ՀԱԲԵՔ
Գերմանիայի փոխկանցլերը նախազգուշացրել է երկրում էներգետիկ բարդ իրավիճակի մասին։
«Գերմանիան պետք է նվազեցնի գազի սպառումը 15-20 տոկոսով։ Աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Ռոբերտ Հաբեքը։
Նրա խոսքով՝ գազի պակասի դեպքում մասնավոր տնտեսությունները կամ կարևոր ենթակառուցվածքները, օրինակ՝ հիվանդանոցները, կբախվեն գազամատակարարման ընդհատումների:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ զգուշացրել է՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարումից ամբողջությամբ հրաժարվելուն:
«Նույնիսկ այն երկրները, որոնք գրեթե գազ չեն ստանում Ռուսաստանից, չեն կարող խուսափել դրա մատակարարման հնարավոր դադարեցման հետևանքներից: Էներգետիկ ճգնաժամն այսպես թե այնպես կազդի ԵՄ բոլոր անդամների վրա»,- մտահոգություն է հայտնել Լայենը։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, իր հերթին, ընդգծել է, որ գազի սպառումը 15%-ով կրճատելու՝ Եվրահանձնաժողովի ծրագիրը գրեթե անիրատեսական է։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՆԱՎԱՏՈՐՄ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ ՍԵՎ ԾՈՎ. ԹՐԱՍ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, որը հավակնում է վարչապետի պաշտոնին, հայտարարել է, որ թագավորությունն ուղղակիորեն չի միջամտի ուկրաինական հակամարտությանը և նավատորմ չի ուղարկի Սև ծով՝ հացահատիկով բեռնված նավերին ուղեկցելու համար։
«Մենք արդեն շատ բան ենք արել՝ դառնալով եվրոպական առաջին երկիրը, որը զենք է ուղարկել Ուկրաինա և հակառուսական պատժամիջոցներ սահմանել: Սակայն Կիևը ՆԱՏՕ-ի անդամ չէ, սխալ կլինի մարտի դաշտում օգտագործել մեր ռեսուրսները»,- նշել է նա հեռուստատեսային բանավեճի ժամանակ:
Վարչապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարարը, չի անդրադարձել այդ թեմային, նշել միայն, որ Լոնդոնը կշարունակի ակտիվ աջակցություն տրամադրել Կիևին։ Ռիշի Սունակն ընդգծել է նաև, որ Չինաստանը պետք է ճանաչվի սպառնալիք Մեծ Բրիտանիայի ազգային և տնտեսական անվտանգությանը:
Թրասը համաձայնել է՝ Պեկինի հետ հարաբերություններում հարկավոր է զգույշ լինել՝ չկրկնելու Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ տված սխալները և ռազմավարական կախվածության մեջ չընկնել Չինաստանից։