ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը որոշ պաշտոնյաների ուղեկցությամբ երեկ այցելել է Կարս. հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողու-քափը անցակետ, այնուհետև եղել է Անիի ավերակներում: Քըլըչը Կարսում որոշ հանդիպումներից հետո լքել է քաղաքը: Նրա այցն ու հանդիպումներն անցել են մամուլի համար փակ ձևաչափով: Հուլիսի 3-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայ-թուրքական սահմանին՝ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի մոտ, արդեն 20 օր է, ինչ ականազերծման աշխատանքներ են ընթանում, որոնք, ըստ աղբյուրի, իրականացնում է իսրայելական ընկերությունը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան լրատվամիջոցների հարցման, հայտնել էր, որ հայկական կողմն ականազերծման աշխատանք չի իրականացնում:
ՌԴ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՄԲ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանը շահագրգռված չէ դեպի Եվրոպա գազի մատակարարումների դադարեցմամբ, Ռուսաստանը պատասխանատու գազ մատակարարող է, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովն այդպիսով անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը, թե Ռուսաստանը՝ որպես գազի մատակարար, անվստահելի է: Կանցլերի խոսքերը հակասում են իրականությանն ու մատակարարումների պատմությանը. Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտավորությունները, շեշտել է Պեսկովն ու հավելել, որ նույնիսկ ամենադժվար պահերին ռուսական կողմը շարունակել է կատարել իր պարտավորությունները. այն փաստը, որ այժմ մատակարարումների ծավալը նվազել է, պայմանավորված է հենց եվրոպացիների, մասնավորապես՝ Գերմանիայի սահմանած անօրինական սահմանափակումներով։ Կրեմլի խոսնակը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում այցելել Ճապոնիա՝ մասնակցելու Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը։ Ռուսաստանի մասնակցության մակարդակը կորոշվի ավելի ուշ:
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԿԱՆ. ԼԱՎՐՈՎ
Արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման մասին փաստաթղթերում չկա որևէ կետ, որը Մոսկվային կարգելեր շարունակել հատուկ գործողությունը, հարվածներ հասցնել ռազմական օբյեկտներին, Կոնգոյի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Պատասխանելով Օդեսայի նավահանգստում ուկրաինական նավի վրա ռուսական հարձակման վերաբերյալ արևմտյան գնահատականները մեկնաբանելու լրագրողի խնդրանքին՝ Լավրովը նշել է, որ արևմտյան երկրները հերթական անգամ խեղաթյուրել են սննդամթերքի մատակարարման և հացահատիկի արտահանման վերաբերյալ Ստամբուլի համաձայնագիրը: Լավրովը շեշտել է, որ հացահատիկի արտահանման համար խոչընդոտներ չկան, անգամ Օդեսայի նավահանգստում: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը ընդգծել է, որ հացահատիկի տերմինալը գտնվում է Օդեսայի նավահանգստի ռազմական հատվածից հեռու, ուստի Ստամբուլում ստորագրված պայմանագրերին համապատասխան՝ հացահատիկ մատակարարելու համար խոչընդոտներ չկան։
«Ճշգրիտ հարվածներով խոցված թիրախները գտնվել են Օդեսայի նավահանգստի առանձին հատվածում. այդ թիրախը եղել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի սպառազինությունների պահեստը»,- պարզաբանել է Լավրովը:
ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԻ ՄՈՏ 8-9 ԱՄԻՍ. ՈՒՍՏԵՆԿՈ
«Հացահատիկային համաձայնության» շրջանակում ուկրաինական ցորենն արտահանելու համար կպահանջվի մոտ 8-9 ամիս, հայտարարել է Ուկրաինայի նախագահի` տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։
Նրա խոսքով` այս պահին Ուկրաինայում կա 20 մլն տոննա հացահատիկ՝ արտահանման համար, ու ևս 40 մլն տոննա նոր բերքից՝ ընդհանուր 10 միլիարդ դոլար արժեքով։ Ուստենկոյի խոսքով` եթե ծովային նավահանգիստները չաշխատեն, ապա այս քանակությամբ հացահատիկի արտահանման համար կպահանջվի մինչև երկու տարի։
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԻ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԿԱՐԻՔ ՉԿԱ. ԱՔԱՐ
Հացահատիկի արտահանման ուղղությամբ աշխատանքները սկսելու համար ուկրաինական սևծովյան նավահանգիստների ամբողջական ականազերծման կարիք չկա, բավական է ստեղծել անվտանգ միջանցքներ առևտրային նավերի անցման համար` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նրա խոսքով՝լինելու է Համատեղ համակարգման կենտրոն, որտեղ կորոշվի նավերի անվտանգ ընթացքը: Միաժամանակ Աքարն ասել է, որ պայմանագրերը չեն սահմանում դրանց գործողության ժամկետները, դրանք «կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքները կշարունակվեն»։
ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՆԻՍՏ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 29-ին կանցկացնի նիստ Ուկրաինայի հարցով։ Նախատեսված է, նիստի ընթացքում քննարկել հուլիսի 22-ին Ստամբուլում ուկրաինական հացահատիկի արտահանման, ինչպես նաև ռուսական սննդամթերքի ու պարարտանյութերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ ԿԿԱԶՄԻ 50 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը կկազմի 50 միլիարդ դոլար, հայտարարել է Ուկրաինայի նախագահի տնտեսական խորհրդականը: Օլեգ Ուստենկոյի խոսքով` երկրի պետբյուջեն ամսական մոտ հինգ միլիարդ դոլարի դեֆիցիտ ունի. երկրի պակասուրդի ծավալը կազմում է Ուկրաինայի ՀՆԱ-ի 30-35 տոկոսը: ՈՒստենկոյի խոսքով` սա շատ լուրջ տնտեսական խնդիր է:
Ուկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավարն էլ մանրամասնել է, որ բյուջեի ծախսերի երեք քառորդը բաժին է ընկնում երկրի ռազմական կարիքներին։
«ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում՝ այս տարվա հաղթող հեռարձակողի՝ Ուկրաինայի հանրային հեռուստաընկերության անունից: Ավելի վաղ հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ հայտարարվեց, որ որոշումը կայացվել է Ուկրաինայում մրցույթ անցկացնելու հարցի քննարկումից հետո, և, ցավոք, եկել են եզրակացության, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դա հնարավոր չէ:
Առաջիկայում սպասվում է մրցույթը հյուրընկալող քաղաքի մասին որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՇԱՎԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Հայաստանը CNN travel-ի վարկածով աշխարհի 23 լավագույն արշավային ուղղությունների շարքում է հայտնվել: Հոդվածում նշվում է, որ եթե որոշել եք քայլել լավագույն երթուղիներից մեկով, մի՛ շտապեք վիզա ստանալ, այդ երթուղիներից մեկը Հայաստանում է։
Հեղինակն աշխարհի 23 լավագույն քայլարշավային երթուղիներում ներառել է նաև մեր երկիրը՝ Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրելով «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»: