Ջերմուկ, Տաթև, Դիլիջան, իսկ առավել հաճախ՝ Սևան։ Հայաստանում հաստատված Ռուսաստանի քաղաքացիների նախընտրելի զբոսաշրջային ուղղություններն են։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մեր երկիր ժամանած 270 հազար ռուսաստանցիները նպաստեցին ոչ միայն ապրանքաշրջանառության աճին, ներդրումային դաշտի ակտիվացմանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այլև նոր թափ հաղորդեցին ներգնա տուրիզմին։ Ոլորտում աշխատող ընկերությունները փաստում են՝ դիմողների մեծ մասը մեկից ավելի անգամ է օգտվում իրենց ծառայություններից։
Լուսինե Ազիզյան (ներգնա տուր մենեջեր) - Սկզբնական շրջանում ավելի պասիվ էր ու հիմա արդեն ակտիվացել է: Կոնկրետ մեր տուրիստական կազմակերպությունում ունենք մշտական հաճախորդներ, ովքեր բնակվում են Երևանում և մարզերում ու պարբերաբար մեզնից ամրագրում են այցելություններ դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։
Էկոնոմիկայի նախարարության նախնական տվյալով՝ այս հունիսին Հայաստան է այցելել 129 900-ից ավելի զբոսաշրջիկ, որից մոտ 57 000-ը Ռուսաստանից են։ Առաջին կիսամյակում ունեցել ենք 594 000-ից ավելի զբոսաշրջիկ։
Անուշ Բաբայան (Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ) - Միշտ Ռուսաստանը եղել է առաջին հնգյակում, այսինքն՝ առաջին տեղում է եղել, բայց, ինչ խոսք, ռուս-ուկրաինական հակամարտությունը նպաստել է ոչ թե աճին, այլ լրացուցիչ աճին: Ապրիլից սկսած՝ ավելի են շատացել, և մայիս-հունիս ամիսներին ամենաշատ այցելություններն ենք ունեցել:
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով զբոսաշրջությունն անկում էր ապրել ամբողջ աշխարհում, Հայաստանը բացառություն չէր։
Ոլորտի պատասխանատուներն ու ծառայություն մատուցող ընկերությունները հուսով են, որ արդեն հնարավոր կլինի ոչ միայն վերականգնել վերջին տարիների կորուստը, այլև գերազանցել 2019-ի լավագույն ցուցանիշները։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան