Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։
Նիստին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարզպետները, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, շահագրգիռ պետական և հասարակական այլ կառույցների ներկայացուցիչները։
Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու նպատակը շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների ուշադրությունը ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և բացերին հրավիրելն է՝ ստեղծելով ճանապարհային անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցության, տեղեկատվության փոխանակման և հաշվետվողականության հարթակ:
Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ Հայաստանի տրանսպորտային համակարգի կարևոր խնդիրներից են երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումն ու արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովումը։
«Ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ: Վիճակագրությունն այս առումով մտահոգիչ է նաև Հայաստանում, քանի որ մեզ մոտ ՃՏՊ-ներից տարեկան 300-ից ավելի մարդ է մահանում։
Հայաստանը պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, և՛ տրանսպորտային միջոցների անվտանգությանը, ինչպես նաև կրթական ծրագրերի ու հանրային իրազեկման արշավների իրականացման անհրաժեշտությանը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Դրանք վերաբերել են Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագծին և ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակին և առկա խնդիրներին։