ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ԵԱՀԿ-ում այս տարի նախագահող Լեհաստանը փորձում է հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում. գնահատականն այդ երկրում մեր պետության դեսպանինն է: «Լուրեր»-ի հետ զրույցում, խոսելով միջազգային կառույցի՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու գործում ակնկալվող դերի մասին, Սամվել Մկրտչյանն ասում է՝ այդ տեսանկյունից կարևոր էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հուլիսի 19-ի այցը Վարշավա և հայկական կողմի այն ընդգծումը, որ եվրոպական անվտանգային խոշորագույն կառույցը՝ գործող նախագահի ինստիտուտի հետ, կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` կառուցողական մթնոլորտի ապահովման ու համապարփակ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար:
Սամվել Մկրտչյան (Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Ակնհայտ է` ավելի է խորանում այն գիտակցումը, որ պետք է իրենց ձևակերպումներում լինեն առավել հասցեական և առավել թիրախային` հատկապես արձանագրելու, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի ավարտվել, այն դեռևս սպասում է իր համապարփակ կարգավորմանը, և որ դրան հասնելու համար շարունակում են իրենց միջազգային մանդատի շրջանակներում դերակատության ունենալ նաև Մինսկի խմբի համանախագահները: Այս երկու առանցքային խնդիրների շուրջ մենք տեսնում ենք լեհական կողմի առավել ըմբռնումը և առավել հակումը դեպի հայկական կողմի պարզաբանումները, հայկական կողմի դիրքորոշմանը:
Քաղաքական այս հարցերը հայկական օրակարգում են լինելու նաև դեկտեմբերին սպասվող ԵԱՀԿ նախարարական հերթական հանդիպման ժամանակ՝ նշում է դեսպանը: Մկրտչյանի խոսքով՝ դիվանագիտական անձնակազմն էլ բոլոր հանդիպումների ժամանակ հնարավոր բոլոր խողովակներով գործընկներին ներկայացնում է առկա խնդիրները: Տարվա երկրորդ կեսին նաև խորհրդարանական մակարդակում շփումներ կլինեն:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Տարին հոբելյանական է, լրանում է Հայաստանի ու Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս ֆոնին կարևոր են նաև հայ-լեհական տնտեսական հարաբերությունները: Թեև այսօր երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալը մեծ չէ, այն աճի միտում ունի՝ նկատում է դիվանագետը, հույս հայտնում, որ երկկողմ շփումները կակտիվացնի հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը: 7-րդ նիստը առաջիկայում կանցկացվի Երևանում:
Սամվել Մկրտչյան - Այդ հանձնաժողովի հերթական նստաշրջանի համար նախատեսվում են այնպիսի ոլորտների շուրջ քննարկումներ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, նաև այլ ոլորտներ, որոնք հեռանկարային են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման առումով:
Դեսպանը բեկումնային է համարում հատկապես ամառվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունը, երբ Վարշավայի ֆոնդային բորսան պաշտոնապես ձեռք բերեց Հայաստանի ֆոնդային բորսայի արժեթղթերի մեծ մասը: Այս գործակցության արդյունքում մեր երկիրը հայտնվելու է միջազգային կապիտալի շուկայի տեսանելի հարթակում՝ ասում է դեսպան Մկրտչյանը:
Սամվել Մկրտչյան - Դա շատ կարևոր է հատկապես Հայաստան օտարերկրյա կապիտալ ներգրավելու առումով, որ, բնականաբար, իր հետ պիտի բերի նաև գործարարների, ովքեր կտեսնեն հայկական շուկայի այդ գրավչությունը, նաև գործարարության ուղղությամբ ստեղծված դյուրությունները և պետական մակարդակով վերջին տարիներին ցուցաբերվող աջակցությունը: Դա, բնականաբար, պիտի բերի այն հոսքը, որը մենք ակնկալում ենք. տեղի կունենա բավական արագ:
Խոշոր օրինակներից է նաև գյուղոլորտում լեհական ներդումային ծրագիրը, այս տարի առաջին բերքը կտա մեր երկրում աճեցվող արդյունաբերական թութունը, որը նաև արտահանվելու է Մերձավոր Արևելքի երկրներ: Մկրտչյանը վստահեցնում է՝ Հայաստանը հետաքրքիր միջավայր է լեհ գործարարների համար: