Մեզ շոկի չպետք է ենթարկի այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քայլերը կարող են համաձայնեցնել։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որ թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ է, սակայն Անկարան գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ:
«Մենք Թուրքիայի հետ բանակցում ենք Հայաստան-Թուրքիա սահմանն առանց նախապայմանների բացելու վերաբերյալ. այստեղ առաջնային կարևորություն ունի, թե մեր բանակցությունների արդյունքում երկկողմ մամլո հաղորդագրություններում ինչ է գրված: Եվ բոլորս շատ լավ գիտենք, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ այդ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների»,- նշեց Մարիա Կարապետյանը:
Նրա խոսքով՝ պետք է ջանք գործադրել, որ երկու պայմանավորվածությունները իրականություն դառնան:
«Թե Թուրքիան Ադրբեջանի հետ իրենց փոխադարձ շահերը ինչպես կլուծի, կհամաձայնեցնի՝ իրենց գործն է: Մեզ մեր շահը պետք է հետաքրքրքի, որ սահմանը բացվի, և Հայաստանը շնչի, բեռնափոխադրումները կատարվեն, և այդ ընթացքում որ ոչ մի կենսական շահ չստորադասենք այդ գործընթացին»,- ասաց պատգամավորը: