Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 3, խուլիգանության, կողոպուտի և ծեծի՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի կերպով ռազմամթերք պահելու, սառը զենք կրելու, թմրամիջոցների մաքսանենգության, հոգեկան ներգործության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցի շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 2-ական, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: