Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական TRT-ի ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին:
«Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Իհարկե, խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից։ Ի սկզբանե ո՞րն էր մեր գիծը. մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր։ Մենք ասացինք, որ Ադրբեջանի հարցը հունի մեջ ընկնելուց հետո մեր սահմաններն առանց այդ էլ կբացենք»,- նշել է Էրդողանը։
Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ուղղությամբ հստակ քայլեր կլինեն: «Ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»,- ասել է Էրդողանը։
Նա կրկին հիշեցրել է Թուրքիայում բնակվող հայերի մասին: «Հիմա Թուրքիայում 100 հազարից ավելի հայ կա` մեր քաղաքացի հայեր և ոչ մեր քաղաքացի հայեր կան։ Սա ցույց է տալիս մեր վերաբերմունքը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
«Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ և վճռական ենք տրամադրված, հետապնդում ենք լիակատար կարգավորում և բարիդրացիական հարաբերությունների հաստատում»,- նշել է Էրդողանը։