ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նա նշել է, որ Ալիևի հետ զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին, ողջունել է երկկողմ բանակցությունների արդյունքում արձանագրված դրական շարժը, կոչ արել շարունակել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքը:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է «տարածաշրջանում խաղաղության հասնելու Երևանի ու Բաքվի պատմական հնարավորությունը» և առաջարկել է Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանի տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնմանը:
Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրությունում ասված է, որ Բլինքենն Ալիևին հորդորել է ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»:
«Պետքարտուղար Բլինքենը նաև կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպիսին է վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Պետքարտուղարը նաև աջակցություն է հայտնել Եվրամիության միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բլինքենը հիշեցրել է նաև, որ Միացյալ Նահանգները 1994 թ.-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է համագործակցել երկկողմ ձևաչափում և համախոհ գործընկերների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին՝ գտնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղություն: