Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքը նախազգուշացրել է երկրում էներգետիկ բարդ իրավիճակի մասին։
«Գերմանիան պետք է նվազեցնի գազի սպառումը 15-20 տոկոսով։ Աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Հաբեքը։
Նրա խոսքով՝ գազի պակասի դեպքում մասնավոր տնտեսությունները կամ կարևոր ենթակառուցվածքները, օրինակ՝ հիվանդանոցները, կբախվեն գազամատակարարման ընդհատումների:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ զգուշացրել է՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարումից ամբողջությամբ հրաժարվելուն:
«Նույնիսկ այն երկրները, որոնք գրեթե գազ չեն ստանում Ռուսաստանից, չեն կարող խուսափել դրա մատակարարման հնարավոր դադարեցման հետևանքներից: Էներգետիկ ճգնաժամն այսպես թե այնպես կազդի ԵՄ բոլոր անդամների վրա»,- մտահոգություն է հայտնել ֆոն դեր Լայենը։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, իր հերթին, ընդգծել է, որ գազի սպառումը 15 %-ով կրճատելու Եվրահանձնաժողովի ծրագիրը գրեթե անիրատեսական է։