Իրանը մեծ ճկունություն է ցուցաբերել միջուկային բանակցություններում, այնպես որ այժմ քաղաքական որոշում կայացնելու հերթը ԱՄՆ-ինն է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«Իրանը մեծ ճկունություն է ցուցաբերել բանակցություններում, մեր ցանկությունն ուժեղ ու կայուն համաձայնագիր ունենալն է: Թեհրանը շատ նախաձեռնություններով է հանդես եկել, ուստի եթե ամերիկյան կողմը կառուցողական և դրական գործի, լավ ու կայուն համաձայնության հասնելը սարերի ետևում չէ»,- ասել է Քանանին:
Նա նաև տեղեկացրել է, որ Իրանի և Ֆրանսիայի նախագահները վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային գործարքի վերաբերյալ հարցեր: Նրա խոսքով՝ Ֆրանսիան, ընդհանուր առմամբ, ցանկանում է դրական դեր խաղալ բանակցային գործընթացում:
Անդրադառնալով Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությանը՝ ԱԳՆ խոսնակը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը. Թեհրանը դեմ է ցանկացած խնդրում ռազմական և ուժային լուծումների և կարծում է, որ վեճերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: