Հուլիսի 18-25-ը Երևանի պարեկները, մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում, հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2361 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 266 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 188, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 240 անձ։ 49 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 9-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փակված, 4-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 320-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1223-ը՝ տեխնիկական զննություն չանցած։
Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, բաժիններ բերման են ենթարկել 59 անձի։ Վարդավառի օրվա առթիվ Երևանի պարեկները մայրաքաղաքում ծառայություն են իրականացրել ուժեղացված ռեժիմով։ Եվ պատահական չէ, որ միայն հուլիսի 24-ին հայտնաբերել են 714 խախտում։ Հատկապես ակնառու է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող անձանց թվերը։ Միայն Վարդավառի օրը Երևանում հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 41 անձ։
Հուլիսի 18-25-ը Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1604 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 127 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 31, առանց վարորդական վկայականի՝ 162 անձ։ 18 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 2-ը՝ առանց համարանիշների, 140-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 863-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, բերման են ենթարկել 9 անձի։
Նրանք ևս մայրաքաղաքի գործընկերների օրինակով Վարդավառի օրը ծառայել են ուժեղացված ռեժիմով՝ հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության նկատմամբ իրականացնելով արդյունավետ հսկողություն։