ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը որոշ պաշտոնյաների ուղեկցությամբ երեկ այցելել է Կարս. հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողու-քափը անցակետ, այնուհետև եղել է Անիի ավերակներում: Քըլըչը Կարսում որոշ հանդիպումներից հետո լքել է քաղաքը: Նրա այցն ու հանդիպումներն անցել են մամուլի համար փակ ձևաչափով:
Հուլիսի 3-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայ-թուրքական սահմանին՝ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի մոտ, արդեն 20 օր է, ինչ ականազերծման աշխատանքներ են ընթանում, որոնք, ըստ աղբյուրի, իրականացնում է իսրայելական ընկերությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան լրատվամիջոցների հարցման, հայտնել էր, որ հայկական կողմն ականազերծման աշխատանք չի իրականացնում:
ՌԴ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՄԲ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանը շահագրգռված չէ դեպի Եվրոպա գազի մատակարարումների դադարեցմամբ, Ռուսաստանը պատասխանատու գազ մատակարարող է՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովն այդպես անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը, թե Ռուսաստանը՝ որպես գազի մատակարար, անվստահելի է:
Կանցլերի խոսքերը հակասում են իրականությանն ու մատակարարումների պատմությանը. Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտավորությունները՝ շեշտել է Պեսկովն ու հավելել, որ նույնիսկ ամենադժվար պահերին ռուսական կողմը շարունակել է կատարել իր պարտավորությունները: Այն փաստը, որ այժմ մատակարարումների ծավալը նվազել է, պայմանավորված է հենց եվրոպացիների, մասնավորապես՝ Գերմանիայի սահմանած անօրինական սահմանափակումներով։
Կրեմլի խոսնակը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մեկնել Ճապոնիա՝ մասնակցելու Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը։ Ռուսաստանի մասնակցության մակարդակը կորոշվի ավելի ուշ:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԿԱԶՄԻ 50 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Ուկրաինայի բյուջեի պակասուրդը կկազմի 50 մլրդ դոլար՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի տնտեսական խորհրդականը: Օլեգ Ուստենկոյի խոսքով՝ երկրի պետբյուջեն ամսական մոտ 5 մլրդ դոլարի պակասուրդ ունի. երկրի պակասուրդի ծավալը կազմում է Ուկրաինայի ՀՆԱ-ի 30-35 տոկոսը: Ուստենկոյի խոսքով՝ սա շատ լուրջ տնտեսական խնդիր է: Ուկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավարն էլ մանրամասնել է, որ բյուջեի ծախսերի երեք քառորդը բաժին է ընկնում երկրի ռազմական կարիքներին։
ՕՐԲԱՆԸ ՄԵՂԱԴՐՎԵԼ Է «ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին մեղադրել է «ռուսական քարոզչության համար»։ Օլեգ Նիկոլենկոյի խոսքով՝ Օրբանի խոսքերը, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդյունավետ չեն, «ռուսական քարոզչության դասական օրինակ են»։ «Պատժամիջոցներն արդյունավետ են, դրանք զգալիորեն նվազեցրել են Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու ռուսական կողմի ռազմական հնարավորությունը»,- հայտարարել է Նիկոլենկոն։
Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը նաև դատապարտել է Հունգարիայի վարչապետի՝ Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու կոչը, քանի որ դա իբր չի օգնի հաղթելու Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ դա «փրկում է ուկրաինացիների կյանքը»։
ԱՄՆ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիսը ապակայունացնող, խաղաղ բնակչությանը և «Իսլամական պետության» դեմ դաշինքի պայքարը վտանգող Թուրքիայի ռազմագործողության սպառնալիքով: Քիրբին հայտնել է, որ Բայդենի վարչակազմն իր մտահոգությունը հայտնել է թուրք պաշտոնյաներին։
ԻՐԱՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՇԱՏ ՃԿՈՒՆ Է ԵՂԵԼ. ԱԳՆ ԽՈՍՆԱԿ
«Իրանը միջուկային բանակցությունների գործընթացում շատ ճկուն է եղել, և համաձայնագրի կայացումը կապված է ԱՄՆ-ի քաղաքական որոշման հետ»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը: Նասեր Քանանի Չաֆին ընդգծել է՝ Թեհրանը ցանկանում է, որ ստորագրվի ամուր և կայուն համաձայնագիր. եթե ամերիկյան կողմն աշխատի կառուցողական և դրական, համաձայնության հասնելը հեռու չէ։ Չաֆին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարած վերջին այցի և ուկրաինական ճգնաժամում Իրանի հովանավորության մասին շրջանառվող լուրերին անդրադառնալով՝ շեշտել է, որ Իրանը դեմ է ցանկացած խնդրի ռազմական լուծման տարբերակին, և կարծում է, որ վեճերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: