ԻՏԱԼԻԱ
ԻՏԱԼԻԱՅԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆ 98 ՏԱՐԵԿԱՆ Է
98-ամյա Ջուզեպպե Պատեռնոն կրկին դարձել է Իտալիայի ամենատարեց շրջանավարտը։ Պատեռնոն 2020 թվականի հուլիսին` 96 տարեկանում, ավարտել է Պալերմոյի համալսարանի պատմության և փիլիսոփայության ֆակուլտետը:
Ավարտական միջոցառման արարողությունից անմիջապես հետո նա որոշել է նույն մասնագիտության մեջ ստանալ մագիստրոսի աստիճան: Եվ այս տարի ավարտելով՝ Ջուզեպպե պապը նորից դարձել է Իտալիայի ամենատարեց շրջանավարտը:
Այս անգամ ևս նա ամենաբարձր գնահատականներով է ավարտել: Ծնվել է 1923 թվականին: Պատեռնոն մեծացել է Սիցիլիայի աղքատ ընտանիքում ու, չնայած գրքերի և ուսման հանդեպ սիրուն, երիտասարդ տարիքում չի կարողացել համալսարան ընդունվել: Փոխարենը նա 20 տարեկանից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծառայել է նավատորմում, եղել երկաթուղու աշխատակից: Իսկ վերջերս, անտեսելով, որ արդեն 90-ն անց է, որոշել է` «կա՛մ հիմա, կա՛մ երբեք»: Ուսումն ավարտելուց հետո էլ մտադիր չէ կանգ առնել. հիմա էլ պետք է գիրք գրի` օգտագործելով իր հավատարիմ գրամեքենան, որը մայրն է նվիրել: Ի դեպ, մայրն ապրել է 100 տարի:
Ջուզեպպե պապն ամուսնացել է 23 տարեկանում, ունեցել է 2 երեխա: Նրա չորս թոռներից երեքը նույնպես Պալերմոյի համալսարանի դիպլոմ ունեն: Այս տարվա սեպտեմպերին Ջուզեպպե պապը կդառնա 99 տարեկան:
ԼԻԲԱՆԱՆ
ՓՈՂԻ ՓՆՋԵՐ` ԾԱՂԿԵՓՆՋԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Լիբանանի ֆինանսական ճգնաժամից երեք տարի անց, ձեռնարկատեր Թամարա Հարիրին սկսել է նոր առցանց բիզնես՝ վաճառելով թղթադրամից պատրաստված փնջեր:
30-ամյա կինը պատմում է, որ իր, այսպես կոչված, «դրամական փնջերի» գաղափարը կյանքի է կոչել մոտ 2 ամիս առաջ:
Բանն այն է, որ տնտեսապես ոչ այնքան բարենպաստ երկրում, ինչպիսին Լիբանանն է, ծաղկեփնջերը բավականին թանկ արժեն, հետևաբար ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ծաղիկներ գնել հարազատների համար: Ահա թե ինչու, թղթադրամից պատրաստված փունջը կարող է ծառայել որպես և՛ հաճելի և՛ օգտակար այլընտրանք:
Թամարա Հարիրի (լիբանանցի ձեռնարկատեր) - Կարծում եմ, որ մեր օրերում մարդկանց օգնելը շատ կարևոր է Լիբանանում: Հենց այստեղից էլ ծագեց այս գաղափարը` օգնել միմյանց` իրար փող նվիրելով: Մարդիկ երբեմն կարող են վիրավորվել փող վերցնելիս, նրանց դա դուր չի գալիս: Բայց երբ այն ներկայացվի այս գեղեցիկ ձևով, ինչ խոսք, դուր կգա:
Հարիրին և նրան օգնողներն ամսական մոտ հիսուն թղթադրամային փունջ են պատրաստել, սովորաբար օրական մոտ երկու հատ:
Փոքր փունջը պատրաստելը կարող է տևել երեսուն րոպեից մինչև մեկ ժամ, իսկ ավելի բարդ թեմաներով փնջերն ավելի շատ ժամանակ են պահանջում:
Փնջերը պատրաստված են լիբանանյան ֆունտից կամ ԱՄՆ դոլարից: Հարիրին և իր աշխատակիցները, բնականաբար, շատ զգույշ են վարվում այն գումարի հետ, որ հաճախորդը տալիս է իրենց` փնջեր պատրաստելու համար: Նրանք ոչ մի դեպքում չեն ցանկանում վնասել թղթադրամները արվեստի ինքնատիպ գործեր պատրաստելիս:
Մեկ փնջի դիմաց Հարիրին և իր օգնականները կարող են ստանալ 4-10 դոլար` իրենց աշխատանքի համար: Իսկ փնջի մեջ ներառված գումարի չափը որոշում է հաճախորդը:
ՉԻԼԻ
ՉԻԼԻԱՑԻՆԵՐԸ ՍՈՒԶՎՈՒՄ ԵՆ ՄԱԳԵԼԱՆԻ ՍԱՌՑԱԿԱԼԱԾ ՆԵՂՈՒՑՈՒՄ
Չիլիացիներն ու զբոսաշրջիկները Պունտա Արենասում, անտեսելով ցուրտ եղանակը, մասնակցել են Մագելանի սառցակալած նեղուցը սուզվելու արարողությանը:
Միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 5000 մարդ: Ջրի ջերմաստիճանը մոտ 0 աստիճան է եղել, ըստ Ցելսիուսի:
Պունտա Արենասի քաղաքապետի խոսքով, այս միջոցառումը վերամիավորում է Մագելանի նեղուցի, Պունտա Արենասի բնակիչներին և զբոսաշրջիկներին: 2020 թվականից ի վեր այն չէր անցկացվել կորոնավիրուսի պատճառով:
Շատերն առաջին անգամ են այստեղ, զարմացած են ու հիացած, որ տարվա այս եղանակին կարող են ձյուն տեսնել: Կան մարդիկ, որ եկել են այստեղ` նշելու իրենց ծննդյան տոնը` այն համոզմունքով, որ սա իրենց կյանքի ամենադիտարժան և խենթ տարեդարձն է լինելու:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ ԹԵՄԶԱ ԳԵՏԻ ԿԱՐԱՊՆԵՐԻՆ
Մեծ Բրիտանիայում անցկացվել է «Կարապի վերելք» կոչվող ամենամյա միջոցառումը, որն ավելի քան 800-ամյա ավանդույթ է: Հաշվում են Թեմզա գետով լողացող կարապներին, որոնք Մեծ Բրիտանիայի թագավորական տան սեփականությունն են համարվում:
Այս տարի կարապների հաշվառումն անցկացրել է Դեյվիդ Բարբերը, որը պալատի աշխատակից է: Ամեն տարի հատուկ գրանցամատյաններում նշվում են յուրաքանչյուր կարապի մասին բոլոր տեղեկությունները:
Արարողությունը թվագրվում է 12-րդ դարով, երբ անգլիական թագավորական տունն առաջին անգամ հայտարարեց բոլոր համր կարապների սեփականության մասին, որոնք ունեն երկար, կոր պարանոց, նարնջագույն կտուց և սպիտակ փետուրներ: Այդ կարապները համարվում էին բանկետների ժամանակ մատուցվող նրբախորտիկ:
Թագուհին այժմ կիսում է Թեմզա գետում ապրող համր կարապների սեփականությունը խաղողի և ներկարարների հին առևտրային ասոցիացիաների հետ, որոնք նույնպես միանում են այս արարողությանը:
Ներկայումս Մեծ Բրիտանիայի թագուհու սեփականության իրավունքը տարածվում է միայն չօղավորված կարապների վրա, որոնք բնակվում են Թեմզայում և դրա վտակներում։ Թագավորական պալատին կից գործում է Կարապների թագավորական գրագրի հատուկ պաշտոն, որի կատարողը հետևում է Բրիտանիայի ջրերում ապրող այս արքայական կարապների կենսաձևին։
ԻՐԱՔ
ԲԱՂԴԱԴԻ ՄԻԱԿ «ԴՐԱՅՎ-ԻՆ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԿԻՆՈՍԵՐՆԵՐԻՆ
Իրենց մեքենաների մեջ նստած, ըմպելիք վայելելով, նստատեղերը հետ քաշած` Բաղդադում մարդիկ վայելում են կինոդիտումը Իրաքի մայրաքաղաքի միակ և նորաբաց «drive-in» կինոթատրոնում:
Օմար Աբդելքադեր («դրայվ-ին» կինոթատրոնի հաճախորդ) - Հուսով ենք, որ այս կինոթատրոնն առնվազն երեք ամիս կգործի և մշտապես բաց կլինի ցուցադրությունների համար: Ողջունում ենք նման նախագծերը, որոնք ուղղված են երիտասարդների ժամանցին:
Այս կինոթատրոնի առանձնահատկությունն այն է, որ ֆիլմում հնչող ձայնը մարդիկ լսում են իրենց մեքենաների մեջ նստած, իրենց մեքենայի ռադիոընդունիչից: Այս դեպքում չի խաթարվում մերձակայքի բնակիչների անդորրը: Բացի դրանից՝ շրջապատի ձայները չեն խանգարում մարդկանց ֆիլմը դիտելիս:
Կինոթատրոնի տոմսերի արժեքը մեկ անձի համար մոտ 15000 իրաքյան դինար է, այսինքն`մոտ 10 դոլար:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԵՂԻՍԱԲԵԹ 2-ՐԴ ԹԱԳՈՒՀՈՒ ԶԱՐԴԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՔԻՆԳՀԵՄՅԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու դիմանկարները, որոնք արվել են նրա գահակալության սկզբում, նաև նրա կրած զարդերը կցուցադրվեն Բուքինգհեմյան պալատում:
Միապետուհու գահակալության պլատինե հոբելյանի առիթով կազմակերպված ցուցադրության ժամանակ կարելի է տեսնել նրա թագերը, ականջօղերը, վզնոցները: Ցուցադրությունը հիմնականում այնպես են կազմակերպել, որ յուրաքանչյուր զարդ ներկայացված է այն լուսանկարի կողքին, որտեղ թագուհին կրում է զարդը: Ընդ որում՝ ցուցադրված զարդերի մեջ կան նաև այնպիսիք, որոնք Եղիսաբեթ 2-րդը կրել է դեռևս արքայադուստր եղած ժամանակ:
96-ամյա Եղիսաբեթը, որը Բրիտանիայի ամենաերկարակյաց և ներկայումս աշխարհի ամենատարեց միապետն է, թագուհի է դարձել 1952 թվականի փետրվարի 6-ին՝ հոր՝ թագավոր Ջորջ 6-րդի մահից հետո:
Ընդհանուր առմամբ, ներկայացված է 24 լուսանկար: Դրանց հեղինակը լուսանկարիչ Դորոթի Ուայլդինգն է: Նա թագավորական ընտանիքի անդամներին սկսել է նկարել 1920-ականներին, որից հետո նրան հանձնարարել են թագուհուն լուսանկարել բրիտանական գահ բարձրանալուց ընդամենը 20 օր անց:
ԱՄԷ
ԴՈՒԲԱՅԻ ԼՈՂԱՓԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԿՏԱՎ
Ֆիլիպինցի նկարիչ Նաթանիել Ալապիդը, որն ապրում է Դուբայում, փոցխն առած՝ վաղ առավոտյան գնում է լողափ՝ նկարելու: Հենց լողափն է նրա կտավը, իսկ վրձնի դերում փոցխն է:
Նա սպասում է կատարյալ մակընթացության, որպեսզի սկսի ուրվագծել իր հաջորդ գլուխգործոցը հարթ և թաց ավազի մակերեսին: Այս զբաղմունքը նա անվանում է «առավոտյան աղոթք»:
Նաթանիելը ավազի արվեստի նկատմամբ իր տաղանդը բացահայտել է դեռևս 2014 թվականին, երբ որոշել է տոհմածառ նկարել լողափում՝ որպես հարգանքի տուրք իր հանգուցյալ տատիկին:
Նաթանիել Ալապիդ (նկարիչ) - Ես երեք-չորս ժամ աշխատում եմ մի նկարի ստեղծման վրա, հետո ջուրը գալիս է ու այն սրբում-տանում: Ինձ դուր է գալիս իմ ստեղծագործության ժամանակավոր բնույթը: Դա ինձ կյանքի մասին է հիշեցնում:
44-ամյա նկարչի համար ավազի վրա նկարելն այժմ վերածվել է լուրջ աշխատանքի, քանի որ այս կամ այն հյուրանոցից իրենց լողափին կոնկրետ նկարներ անելու պատվերներ է ստանում և վարձատրվում դրա դիմաց:
Այս տարեսկզբին Նաթանիելն ավազի վրա արված իր աշխատանքի շնորհիվ Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել. նա ստեղծել է ԱՄԷ-ի քարտեզի ու առաջնորդների՝ աշխարհի ամենամեծ ավազային պատկերը:
Այն կյանքի կոչելու համար ստիպված է եղել աշխատել 30 օր: Սկզբում նախատեսում էր գործն ավարտին հասցնել ընդամենը 20 օրում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները՝ քամին և անձրևը, երկարացրել են աշխատանքը:
Ինքնուս նկարիչը նախկինում նաև ստեղծել է իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի և ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բին Զայեդի ավազե նկարները: Որպես աշխատանքային գործիք նրա համար ծառայել են բացառապես սեփական ձեռքերը: