ԼԱՎՐՈՎԸ՝ ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ հանդիպումից հետո անդրադարձել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու թեմային:
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կասկածներ չունի Ուկրաինայի հետ հարցերի` ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորության հարցում, ընտրությունը Կիևինն է: «Ուկրաինայի իշխանությունը՝ նախագահից մինչև խորհրդականներ, անընդհատ կրկնում են, որ բանակցություններ չեն լինի, մինչև Ուկրաինան չհաղթի Ռուսաստանին»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Նա անդրադարձել է նաև Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Սև ծովում հացահատիկով բեռնված նավերին կուղեկցեն Ռուսաստանի, Թուրքիայի և երրորդ կողմի ներկայացուցիչները: Լավրովի խոսքով՝ Ստամբուլում հաջողվել է համաձայնության գալ՝ Ուկրաինան զբաղվում է ականազերծմամբ, նավեր է բաց թողնում դեպի ծով, Ռուսաստանը, Թուրքիան և մեկ այլ մասնակից ուղեկցում են նավը դեպի Բոսֆոր: Արտգործնախարարը նշել է նաև, որ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը ստորագրվել է Ստամբուլում համաձայնագրերի հետ, պարտավորեցնում է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին սկսել գործընթացը և ստիպել Արևմուտքին վերացնել ռուսական հացահատիկի արտահանման հանդեպ կիրառվող բոլոր սահմանափակումները։
ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԻ ՄՈՏ 8-9 ԱՄԻՍ. ՈՒՍՏԵՆԿՈ
«Հացահատիկային համաձայնության» շրջանակում ուկրաինական ցորենն արտահանելու համար կպահանջվի մոտ 8-9 ամիս՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։
Նրա խոսքով՝ այսօր Ուկրաինայում արտահանման համար կա 20 մլն տոննա հացահատիկ ու ևս 40 մլն տոննա նոր բերքից՝ ընդհանուր 10 մլրդ դոլար արժեքով։ Ուստենկոյի խոսքով՝ եթե ծովային նավահանգիստները չաշխատեն, ապա այս քանակությամբ հացահատիկի արտահանման համար կպահանջվի մինչև երկու տարի։
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԻ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԿԱՐԻՔ ՉԿԱ. ԱՔԱՐ
Հացահատիկի արտահանման ուղղությամբ աշխատանքները սկսելու համար ուկրաինական սևծովյան նավահանգիստների ամբողջական ականազերծման կարիք չկա, բավական է ստեղծել անվտանգ միջանցքներ առևտրային նավերի անցման համար` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նրա խոսքով՝ լինելու է համատեղ համակարգման կենտրոն, որտեղ կորոշվի նավերի անվտանգ ընթացքը: Միաժամանակ Աքարն ասել է, որ պայմանագրերը չեն սահմանում դրանց գործողության ժամկետները, դրանք «կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքները կշարունակվեն»։
ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԻ. ՕՐԲԱՆ
Եվրամիությունը պետք է նոր ռազմավարություն մշակի Ուկրաինայում հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունների ուղղությամբ՝ կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Նրա խոսքով՝ ԵՄ նոր ռազմավարության նպատակը պետք է լինի խաղաղության շուրջ գործնական առաջարկի մշակումը: Հունգարիայի կառավարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները չեն օգնում Ուկրաինային և չեն նպաստում այդ երկրում իրավիճակի կարգավորմանը, փոխարենը վնասում են հենց Եվրոպայի պետություններին։ Օրբանի պնդմամբ՝ պատժամիջոցները չեն օգնում պատերազմը դադարեցնելու հարցում, և Եվրոպան պետք է խոստովանի, որ «սխալ մարտավարություն» է որդեգրել:
ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՎԱՏ ՍՑԵՆԱՐԻՆ. ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ
Եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նրա խոսքով՝ «Գազպրոմը» միտումնավոր է իր պահեստարանների զբաղվածությունը ցածր մակարդակի վրա պահում, իսկ արտահանումը 12 երկիր ամբողջությամբ դադարեցվել է։ «Եվրոպան պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին՝ վաղ թե ուշ գազի մատակարարման ամբողջական դադարեցում: Հետևանքները մեղմելու համար մենք պետք է խնայենք մեր գազի սպառման 15 տոկոսը մինչև հաջորդ տարվա մարտը: Դա 45 մլրդ խորանարդ մետր գազ է»,- նշել է Ֆոն դեր Լայենը։
ԿԱՊԻԿԻ ԾԱՂԻԿԻ ԲՌՆԿՈՒՄԸ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է հանրային առողջության արտակարգ իրավիճակ: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը պարզաբանել է, որ կապիկի ծաղիկով վարակվելու վտանգը չափավոր է աշխարհի գրեթե բոլոր մասերում, բացի Եվրոպայից. «ԱՀԿ-ն այս հիվանդությամբ վարակվելու ավելի քան 16 հազար դեպք է գրանցել աշխարհի 75 երկրներում, իսկ վարակվածների շրջանում՝ 5 մահ»,- հայտարարել է Գեբրեյեսուսը: