Գունավոր աղբամաններն արդեն չեն զարմացնում, գրեթե բոլորը գիտեն՝ աղբի տեսակավորման համար է: Դեղին, կապույտ և սև աղբամանները նախատեսված են, համապատասխանաբար, թղթի, պլաստիկի և ապակու համար: 2020-ի վերջին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարտավորվեց վերամշակվող աղբի տեսակավորմամբ պահպանել շրջակա միջավայրը: Ծրագիրն ի սկզբանե պիլոտային էր՝ դրամաշնորհով Երևանը ստացավ գունավոր աղբամանների որոշ խմբաքանակ, որոնք տեղադրվեցին բոլոր վարչական շրջաններում:
Արմեն Բեգոյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Ստվարաթղթի և թղթի հավաքը 21 թվականի արդյունքում 577 տոննա է եղել, դա, կարող ենք համարել, որ 577 տոննա աղբ վերամշակվել ա, և մեր շրջակա միջավայրը ավելի քիչ ա աղտոտվել: Պլաստիկի առումով 21 թվականին հավաքվել ա 30 տոննա պլաստիկ և 54 տոննա ապակի:
Պլաստիկի ու ապակու պարագայում աղբի ծավալը փոքր է, որովհետև հանձնման գինը փոքր-ինչ բարձր է, քան ստվարաթղթինը. շատ դեպքերում սոցիալապես անապահով քաղաքացիներն իրենք են սեփական նախաձեռնությամբ հավաքում և հանձնում աղբարկղերում հայտնված պլաստիկն ու ապակին: Միայն այս՝ վերամշակվող աղբի հանձնման գործառույթով ՀՈԱԿ-ը 2021-ին մոտ 30 մլն դրամի շահույթ է ունեցել: Բայց...
Արմեն Բեգոյան - Կոնկրետ աղբի տեսակավորման վարչության վրա համայնքի կատարած ծախսերը եղել են ավելի, քան այդ միջոցով եղել են մեր եկամուտները:
Այս պահին գունավոր աղբամանների կոմպլեկտներ են տեղադրված Երևանի 138 տարբեր վայրերում: Պիլոտային ծրագիրն ավարտվել է, արդյունքը քաղաքային իշխանությանը գոհացրել է, հիմա քաղաքապետարանը որոշել է այս տարի առնվազն կրկնապատկել գունավոր աղբարկղերի թիվը: Մրցույթն արդեն հայտարարվել է, կամփոփվի, և աղբի տեսակավորման տարաների նոր խմբաքանակը Երևանում կլինի:
Արմեն Բեգոյան - Խնդրում եմ, հնարավորինս, այո՛, աղբամանները երբեմն շատ հեռու են, բայց հնարավորության դեպքում աղբը տեսակավորեք և լցրեք դրանց համար նախատեսված աղբամանների մեջ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նախատեսել է նաև հոլովակներ պատրաստել, իրազեկել քաղաքացիներին և աղբի տեսակավորման մշակույթ ձևավորել ու զարգացնել: