Երկամյա դադարից հետո «Ներուժը» վերադառնում է վերաբրենդավորված, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խոսքով՝ կարևոր առաքելությամբ Հայաստան բերելու սփյուռքի ստարտափներին, նոր գաղափարներով, ներուժով ու ակտիվ գործունեությամբ նպաստելու հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Սա նաև լավ հնարավորություն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցների համար վերադառնալու հայրենիք, հիմնելու բիզնես, ապրելու ու ստեղծագործելով ներդրում ունենալու մեր երկրի առաջընթացի ու զարգացման գործում:
«Ներուժ 3»-ը կանցկացվի սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում: Նախատեսվում է հյուրընկալել 30 ստարտափի 60 ներկայացուցչի: Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը կիրականացվի «Իմ քայլը» հիմնադրամի հետ գործակցությամբ:
Նոր կայքը գործարկվել է. հայտերը կընդունվեն այսօրվանից մինչև օգոստոսի 22-ը:
Մխիթար Հայրապետյան («Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն) - «Իմ քայլը» հիմնադրամը, որ չափազանց կարևորում է Հայաստանում սփյուռքի համահայկական մարդկային կապիտալի կենտրոնացումը, ուրիշ էլ որ ծրագրի շրջանակում, եթե ոչ «Ներուժի», պետք է կանգներ Կառավարության կողքին, համատեղ ջանքերի շնորհիվ կրկին՝ արդեն երրորդ տարին, իրագործեր այս ծրագիրը:
Ծրագրին կարող են մասնակցել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայեր են: Լավագույն գաղափարները կարժանանան դրամաշնորհի՝ հնարավորություն տալով մասնակիցներին զարգացնել գաղափարը՝ այն վերածելու բիզնես նախաձեռնության: Մրցանակային ֆոնդը 45 միլիոն դրամ է:
Դավիթ Սահակյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ) - Ենթանպատակներից ամենակարևորներից ստեղծել գլոբալ ընկերություններ, գլոբալ միջազգային ընկերություններ և բարձրացնել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը: Ակնկալում ենք 10 ընկերություն ստեղծել, զարգացնել և հանել միջազգային շուկա:
Ծրագիրը 2018-ին նախաձեռնել է սփյուռքի նախարարությունը՝ Հայաստանում մասնագիտական հայրենադարձությամբ կենտրոնացնելու սփյուռքի ներուժը՝ անկախ նրանից՝ որ ճյուղը կներկայացներ ստարտափը: 2019-ից ծրագիրը սկսեց իրականացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Ռոբերտ Խաչատրյան - «Ներուժն» այն ծրագիրն է, որ կամրջում է Հայաստանի և սփյուռքի նորարարական միտքը՝ դառնալով մեր երկրի ապագային միտված նախագծերի հնարավորության կարևոր անկյունաքարը:
Մխիթար Հայրապետյան - Այս տարի էլ ավելի կլավարկենք այս ծրագիրը, հնարավորություն կտանք սփյուռքահայ արդեն ոչ միայն երիտասարդներին, առաջին անգամ տարիքային սահմանափակում չկա, մարդկանց, ովքեր գեներացնում են գաղափարներ, բիզնես իդեաներ, Հայաստան փոխադրելու պատրաստակամություն են հայտնել. սա այն հարթակն է, որ կարող են օգտվել:
Ծրագրի կարևոր նախապայմաններից են՝ Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվելը: