Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման շրջանակում գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ ծառայության ղեկավար կազմը հուլիսի 22-ին այցելել էր Շիրակի մարզային բաժին՝ տեղում ծանոթանալու բաժնի աշխատանքների կազմակերպման գործընթացին և առկա խնդիրներին։
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Շիրակի մարզային բաժնի պետ Թադևոս Վարդանյանը գլխավոր հարկադիր կատարողին զեկուցել է 2022 թվականի 1-ին կիսամյակում բաժնի գործունեության մասին՝ անդրադառնալով հաշվետվու ժամանակահատվածում կարճված և ավարտված վարույթների քանակին, դրանց և նույն ժամանակահատվածում հարուցված և վերսկսված վարույթների քանակի հարաբերակցությանը՝ ընդգծելով, որ բաժնի կողմից հարուցված կատարողական վարույթների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է։
Բաժնի պետն իր զեկույցում նշել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում բարելավվել է կատարողական վարույթների շրջանակում բռնագանձման ենթակա և փաստացի բռնագանձված գումարի հարաբերակցությունը, ինչպես նաև կարճված վարույթների տեսակարար կշիռը նույն ժամանակահատվածում ընթացք տրված կատարողական վարույթների թվում։
Բաժնի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցերը քննարկելիս գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ անդրադարձել է ծառայության բոլոր բաժիններում հարկադիր կատարողների միջև աշխատանքի համաչափ բաշխման ապահովմանը։
Նրա խոսքով՝ ծառայության, առանձին բաժինների ու առանձին հարկադիր կատարողների ամենօրյա աշխատանքի ճիշտ և արդյունավետ կազմակերպումն ուղիղ համեմատական է լինելու առանձին հարկադիր կատարողների և ողջ ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը, շարունակաբար բարելավվող ցուցանիշների առավել բարելավմանը, ինչպես նաև ապահովելու է առանձին հարկադիր կատարողի աշխատանքի գնահատման օբյեկտիվ և արդյունքահեն համակարգի կենսագործումը։
Առանձնահատուկ շեշտվել է հարկադիր կատարողի կողմից պարտապանի նկատմամբ հետախուզում հայտարարելուց առաջ կատարողական գործողություններին պարտապանի մասնակցության անխուսափելի անհրաժեշտությունը և հետախուզման նպատակահարմարությունը լրջագույն քննարկման առարկա դարձնելու պահանջը։ Կարևորվել է նաև քաղաքացիների սպասարկման, հարկադիր կատարող-քաղաքացի հաղորդակցության որակի բարձրացման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ծառայությունում ներդրված էլեկտրոնային գործիքներին, մասնավորապես՝ կատարողական վարույթի շրջանակում բռնագանձված գումարը պահանջատերերի միջև ավտոմատ բաշխելու էլեկտրոնային նոր գործիքով աշխատելու առավելություններին, դրա հետագա կատարելագործման հնարավորություններին։
Խորհրդակցության ավարտին գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են առանձին հանձնարարականներ` բռնագանձման ենթակա և փաստացի բռնագանձված գումարների հարաբերակցության ցուցանիշի բարելավման, կատարողական վարույթի կողմերի հաշտեցմանը նպաստելու, կատարողական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության ժամկետների պահպանման ապահովմանն ուղղված ակտիվ գործնական քայլերի իրականացման ուղղությամբ։
ՀԿԱԾ ղեկավար կազմը շրջայց է կատարել նաև Շիրակի մարզային բաժնի՝ Գյումրիում տեղակայված վարչական շենքում՝ ծանոթանալով շենքային պայմաններին, կատարված բարեկարգման աշխատանքներին։