Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Մենք տեսնում ենք, ըստ էության, վերջին 15 տարվա լավագույն ցուցանիշը առաջին կիսամյակի աճի վերաբերյալ, 2007 թվականից նման աճ չենք ունեցել:
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության 6 ամսվա ցուցանիշը. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 11.8 տոկոս: Աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսությունից, որն անկում է գրանցել 5.5 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 44 տոկոսով, այդ թվում՝ արտահանումը՝ 36.3, իսկ ներմուծումը՝ 48.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.8 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 26.9, առևտրի շրջանառությունը՝ 10.7, շինարարությունը՝ 12.7 տոկոսով: Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14.8 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է 8.1 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 7.8:
Վահան Քերոբյան - Մեր համար շատ կարևոր ա, որպեսզի էս աճը լինի կայուն, այսինքն՝ հիմնավոր, և հաջորդ տարիներին մենք կարողանանք այս աճի վրա կառուցել մեր ապագա տարիների աճը, և էդ տեսանկյունից կարևորագույն ոլորտը, որտեղ մենք տեսնում ենք էական աճ, մշակող արդյունաբերության ոլորտն է, որտեղ մեր նախնական գնահատականներով՝ հունիսին աճը եղել է 40 տոկոս:
Մասնագետները դրական են գնահատում առկա ցուցանիշները, ընդգծում՝ սա հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով Հայաստան եկած մեծ հոսքով, հայկական ապրանքների և ծառայությունների նկատմամբ ստեղծված մեծ պահանջարկով:
Հայկազ Ֆանյան (ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար) - Ակնհայտ է, որ ամենամեծ ազդեցություններից մեկն ունեցել է կացության կազմակերպման ոլորտը և ֆինանսական ոլորտը: Կացության կազմակերպման ոլորտը, բնականաբար, պայմանավորված է նրանով, որ շատերը, գտնվելով Հայաստանում, օգտվել են հյուրանոցային ծառայություններից, իսկ ֆինանսական ծառայությունների պարագայում առաջինը օգտվել են ֆինանսական ծառայություններից, և երկրորդը՝ նաև մեր բանկերը առանձին դեպքերում միջբանկային գործարքներ են իրականացրել արևմտյան բանկերի հետ, ինչի արդյունքում մատուցման ծավալը ավելացել է:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի անկմանը, նախարար Քերոբյանը նշում է՝ այստեղ մեթոդաբանական խնդիր կա.
Վահան Քերոբյան - Քանի որ գյուղատնտեսության վիճակագրական տվյալները թվային չեն, և դրանք սովորաբար գնահատականների վրա են հիմնված, ապա մենք տեսնում ենք վատ ցուցանիշներ, բայց դա, էսպես ասեմ՝ ճիշտ չի, և մենք հիմա աշխատում ենք, որպեսզի թվային ճշգրիտ տվյալների հիման վրա կարողանանք տեսնել արդյունքները: Էդ ճիշտ չլինելու համար մենք ունենք շատ լավ հիմնավորում, դա գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների զգալի աճն է, որը չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունը ինքնին նվազելիս լիներ:
Ըստ Հայկազ Ֆանյանի՝ ռիսկ կա, որ եկող տարի արդեն բարդ կլինի աճ գրանցել՝ այս տարվա բարձր աճի բազայի վրա: Ինչ վերաբերում է տարվա երկրորդ կեսից սպասելիքներին՝ տնտեսագետը նշում է.
Հայկազ Ֆանյան - Կարծում եմ՝ միանշանակ կհասնենք 7 տոկոս տնտեսական աճին, ըստ էության, երբ որ մենք ունենք 11.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, մենք կարող ենք ասել, որ տնտեսական աճը առաջին կիսամյակում կլինի 10 տոկոսի շուրջ, ըստ էության, նաև էն լավագույն սցենարի դեպքում, որ 9 տոկոսը ակնկալվում էր, թիրախավորվում էր, հնարավոր կլինի անցնել:
Հաշվի առնելով, որ միայն հունիսին, նախորդ հունիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.5 տոկոսով, նախարարը ևս համոզմունք է հայտնում, որ Կառավարության շարունակական աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի դինամիկան բարձր պահել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան