Պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտության հնչյունների ներքո «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգը:
Համերգի ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող «100 տուն Արցախում» ծրագրին:
Բարեգործական համերգից մի քանի օր առաջ բոլոր տոմսերն արդեն սպառվել էին, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը սա կարևոր ցուցիչ է համարում, հավելում՝ մասնակցելով այս համերգին՝ քաղաքացիները նաև աջակցեցին «100 տուն Արցախում» նախագծին:
Այս նախագծով հուլիսի 30-ին միայն վեց տուն կհանձնվի շահառուներին, տասից ավելի տների շինարարությունը շարունակվում է:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Ցավում ենք, որ հենց ինքը՝ Մանսուրյանը, չկարողացավ ներկա լինել այս համերգին, քանի որ երկրում չէր լինելու, բայց մենք նախապես հանդիպեցինք իրեն և մեր շնորհակալությունը նաև իրեն փոխանցեցինք այս աջակցության համար, և, ինչն էր հետաքրքիր, որ Մանսուրյանը իր աղջկան ասել էր, որ գնա տոմս առնի, և երբ հարցրեցինք, թե ի՛նչն էր պատճառը, ասաց՝ քանի որ բարեգործական համերգ է, և շատ կարևոր է մասնակցությունը, և Մանսուրյանի աղջիկը նույնպես տոմս էր գնել, որպեսզի ներկա լիներ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգին, և այս գումարը նույնպես գնում է բարեգործությանը:
Շատ շնորհակալ եմ Սիմֆոնիկ նվագախմբին այս աջակցության համար, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ մշակույթի գործիչները, մշակութային կառույցները նույնպես միանան «100 տուն Արցախում» նախագծին, և այս ձևով, ըստ էության, «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգով մենք մի մեծ շարք ենք սկսում: Հուսով ենք՝ այս ակցիային կմիանան այլ մշակութային՝ թե՛ գործիչներ, թե՛ միավորումներ, և մենք կկարողանանք սա դարձնել ավանդական:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան