Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում՝ այս տարվա հաղթող հեռարձակողի՝ Ուկրաինայի հանրային հեռուստաընկերության անունից:
Ավելի վաղ հրապարակված EBU-ի մամուլի հաղորդագրության մեջ հայտարարվեց, որ որոշումը կայացվել է Ուկրաինայում մրցույթ անցկացնելու հարցի քննարկումից հետո, և, ցավոք, եկել են եզրակացության, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դա հնարավոր չէ:
Ուկրաինան՝ որպես 2022 թվականի հաղթող երկիր, ավտոմատ կերպով կմասնակցի գալիք մրցույթի մեծ եզրափակչին, այսպես կոչված «Մեծ հնգյակի» հետ: Դրանք այն պետություններն են, որոնք ֆինանսապես ամենամեծ ներդրումն են ունենում մրցույթում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը:
Քննարկումների արդյունքում EBU-ն հրավիրել է BBC-ին հանդես գալ որպես «Եվրատեսիլ» երգի 67-րդ մրցույթը հեռարձակող կազմակերպություն:
Ուկրաինայի հանրային հեռարձակողի կառավարման խորհրդի ղեկավար Նիկոլա Չեռնոտիցկին ասել է. ««Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը տեղի չի ունենա Ուկրաինայում, բայց կկայանա՝ հաջակցություն Ուկրաինայի։ Մենք շնորհակալ ենք BBC-ի մեր գործընկերներին մեզ հետ համերաշխ լինելու համար։ Վստահ եմ, որ միասին կկարողանանք այս իրադարձությանը հաղորդել ուկրաինական ոգին և ևս մեկ անգամ համախմբել ողջ Եվրոպան մեր ընդհանուր արժեքների՝ խաղաղության, աջակցության, բազմազանությունն ու տաղանդը փառաբանելու շուրջ»:
Առաջիկայում սպասվում է մրցույթը հյուրընկալող քաղաքի մասին որոշումը: