Կենսաթոշակային ֆոնդերի կիսամյակային արդյունքի հնարավոր բացասական ցուցանիշը չպետք է մտահոգի քաղաքացիներին. պատասխանատուները վստահեցնում են՝ անհանգստանալու կարիք չկա, հատկապես եթե հաշվի առնենք, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ:
Մասնագետների խոսքով՝ այս ցուցանիշի վրա իրենց բացասական հետևանքն են թողել աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներ՝ համաշխարհային գնաճից մինչև Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններ: Ամեն դեպքում, պատասխանատուները փաստերով են վստահեցնում՝ երկարաժամկետում դրական դինամիկան կվերականգնվի:
Հրայր Ասլանյան («Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ֆոնդերի կառավարիչ) - Սա էս առաջին կիսամյակի անկումն է, որ տեսնում ենք որոշակի չափով, բայց, եթե համեմատենք, այն բավականին բարձր՝ 72-ից 76 տոկոս ավելի բարձր է, քան սկզբնական մակարդակն է եղել:
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը ներկայացնում է առաջին կիսամյակի արդյունքները: Հրայր Ասլանյանի խոսքով՝ եթե առաջիկա օրերին ֆոնդերի մասնակից քաղաքացիները կիսամյակի բացասական արդյունքների մասին ծանուցվեն, չպետք է անհանգստանան, կարճաժամկետում այդպիսի երևույթներ պատահում են. սրանով հանդերձ՝ 2014-ից սկսած՝ ֆոնդերի տարեկան միջին եկամտաբերությունը 6,8-ից 7 տոկոսի է հասնում:
Հրայր Ասլանյան - Բոլոր ֆոնդերը արձանագրել են բացասական եկամտաբերություն այս առաջին 6 ամիսների ընթացքում, ինչը պայմանավորված էր թե՛ Հայաստանում, թե՛ գլոբալ մակարդակում գնաճի բարձր մակարդակով և տնտեսական աճի հեռանկարներով... Իսկ սա, իր հերթին, պայմանավորված էր մատակարարման շղթաների խաթարումներով, որին գումարվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, որը է՛լ ավելի սրեց էս ամեն ինչը, արդյունքում ունեցանք այս պատկերը:
Աշխարհում արժեթղթերի շուկայում անկումները ևս ազդել են այս գործընթացի վրա, քանի որ այդ ուղղությամբ ևս կառավարիչները ներդրումներ են անում: Դրամի արժևորումը՝ դոլարի և եվրոյի նկատմամբ, իր հերթին է բացասական հետևանք թողել:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Քանի որ մեր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների ավելի քան 30 տոկոսը արտարժույթով է ներդրված, արտարժույթի առումով գումարը պահպանվել է, սակայն քանի որ կենսաթոշակային ֆոնդերի մեր քաղվածքները ստանալիս մենք դրամային արտահայտությամբ ենք տեսնում, ապա փոխարժեքի տատանումը նույնպես կարող է իր դերը ունենալ այս պատկերի մեջ:
Ակտիվ հատկացում կատարող 430 հազար մասնակից կա, բայց ֆոնդերում կառավարվում են 700 հազարից ավելի անձի կուտակումներ: Ընդհանուր ֆոնդերում գումարը 500 մլրդ դրամի է հասնում:
Վիգեն Շահնազարյան (ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ) - Առաջին կիսամյակում տարվա սկզբի համեմատ անկումը կազմում է մոտ 9 տոկոս, ընդ որում` նման անկում գրանցվել է ամբողջ աշխարհում: Ուսումնասիրված բոլոր երկրներում կենսաթոշակային ֆոնդերի կատարողականը եկամտաբերությունը բացասական է:
Ըստ Կենտրոնական բանկի պաշտոնյայի՝ գնաճի ներկա բարձր մակարդակն անգամ չի կարող երկարաժամկետում վնասել ֆոնդերի եկամտաբերությանը:
Վիգեն Շահնազարյան - Մեր կենսաթոշակային ֆոնդերի կուտակային եկամտաբերությունը ստեղծման պահից, հաշվի առնելով այս կիսամյակի անկումը, 75-76 տոկոսից բարձր է, նույն շրջանի ինֆլյացիան՝ այդ թվում էս վերջին շրջանի աննախադեպ բարձր ինֆլյացիան ներառյալ, մոտ 27 տոկոս է, այսինքն` մոտ 50 տոկոս այս պահին, այսպես ասած, պաշար ունենք կայունության:
Համակարգի ներդրման 8 տարում սա առաջին դեպքը չէ, երբ որոշ եռամսյակներում բացասական ցուցանիշ է գրանցվել:
Հրայր Ասլանյան - Բայց միշտ մեր պատմությունը՝ 8 տարվա, դա է փաստում. ֆոնդերը հետագայում ունեցել են ավելի բարձր եկամտաբերության աճ:
Ոլորտի պատասխանատուները չեն բացառում՝ հաջորդ եռամսյակում ևս, հնարավոր աշխարհաքաղաքական ռիսկերով պայմանավորված, կարող է անկումային ցուցանիշ արձանագրվել, սակայն երկարաժամկետում դրական դինամիկան կվերականգնվի:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան