ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՄԻՇՏ ԱՆՎՏԱՆԳ Է ԵՂԵԼ. ԻՐԱՆՑԻ ՊԱՇՏՈՆՅԱ
Իրանի և Հայաստանի սահմանը միշտ անվտանգ է եղել, Թեհրանը թույլ չի տա, որ դրան վնաս հասցվի՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին: Պաշտոնյան այդպիսով անդրադարձել է Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը Հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարությանն այն մասին, որ Թեհրանը թույլ չի տա Իրանի ու Հայաստանի սահմանի արգելափակումը:
«Իրանը և Հայաստանը կանխում են ցանկացած սահմանային ոտնձգություն և որևէ երրորդ կողմի՝ օրինակ Թուրքիայի խորհրդի կարիքը չունեն»,- շեշտել է պաշտոնյան:
Նա նաև ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտության միջոցով, հավելել՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում նշել է, որ Ուկրաինական կողմի կորուստները պակասել են. բանակն օրական կորցնում է շուրջ 30 զինվոր, վիրավորների թիվը հասնում է 250-ի: Մինչդեռ մայիսին և հունիսին, նրա խոսքով, զոհվում էր 100-ից 200 զինվորական։
Զելենսկին նաև համոզմունք է հայտնել, որ Կիևի և Մոսկվայի միջև զինադադարի հաստատումն առանց երկրի տարածքային ամբողջականության վերականգնման միայն կերկարաձգի հակամարտությունը: Ռուսաստանը կշահի հրադադրից և հնարավորություն կստանա վերականգնել ուժերը:
Ուկրաինայի ղեկավարն անդրադարձել է Արևմուտքի ռազմական աջակցությանը, ընդգծել՝ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առկա խմբաքանակը բավական չէ մարտի դաշտում իրավիճակը փոխելու համար: Նրա խոսքով՝ Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր են անհրաժեշտ:
Զելենսկին նաև հանդես է եկել ուղերձով, մեկնաբանել հացահատիկային միջանցքի վերաբերյալ նախօրեին Ստամբուլում ստորագրված պայմանավորվածությունները:
«Անցած տարի հավաքված 20 մլն տոննա հացահատիկը արտահանվելու է, այս տարվա բերքի հարցը նույնպես կարելի է դիտարկել։ Այժմ մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունենք»,- պարզաբանել է նախագահը, հավելել՝ «հացահատիկային փաստաթղթերը» համապատասխանում են Ուկրաինայի շահերին:
Հուլիսի 22-ին Ստամբուլում 2 փուլով 2 համաձայնագիր է ստորագրվել՝ համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի արտահանման դյուրացման և ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման սահմանափակումները չեղարկելու վերաբերյալ։ Նաև սահմանվել է Ուկրաինայի վերահսկած սևծովյան նավահանգիստներից ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ալգորիթմը:
ԱՄՆ-Ը ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԿԻԵՎԻՆ. ՔԻՐԲԻ
Վաշինգտոնը համաձայն չէ Կիևի հայտարարություններին այն մասին, որ Ուկրաինային բավականաչափ ռազմական աջակցություն չի հատկացվում՝ համոզմունք է հայտնել նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը երբեմն հրաժարվում է կոնկրետ զինատեսակների մատակարարումից, քանի որ ցանկանում է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ տեղեկացրել է, որ Ջո Բայդենը հանձնարարել է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Խոսքը, մասնավորապես, HIMARS բազմակի հրթիռային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի մասին է։
Քիրբին տեղեկացրել է, որ այս նոր փաթեթի արժեքը գնահատվում է մոտ 270 մլն դոլար, իսկ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր անվտանգության ոլորտում Կիևին տրամադրված աջակցությունը կազմել է 8,2 միլիարդ դոլար:
Նա անդրադարձել է նաև Սիրիա-Թուրքիա լարվածությանը, նշել՝ Վաշինգտոնին խորապես մտահոգում է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու՝ Անկարայի մտադրությունը։
«Դա վտանգում է խաղաղ բնակիչների կյանքը, ինչպես նաև նոր էսկալացիայի պատճառ կարող է դառնալ»,- ասել է Քիրբին։