Ոչ թե պատժել, այլ կանխել հակամրցակցային դեպքերը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ընկերություններին առաջարկում է համագործակցության նոր տարբերակ՝ ներդնել hակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգ: Այն ընկերությունները, որոնք կգործեն կոմպլաենսի՝ համապատասխանության ու գործարար էթիկայի կանոններով, հանձնաժողովը նրանց կդիտարկի որպես գործընկեր, վարույթ հարուցելիս էլ կկիրառի այսպես կոչված փափուկ իրավունքի մեխանիզմներ: Հակամենաշնորհային կոմպլաենսի համակարգը կիրառելի է նաև քաղաքակիրթ երկրներում: Այն ապահովագրում է բիզնեսին հակամենաշնորհային օրենսդրության խախտումներից և հնարավորություն տալիս խուսափել տուգանքներից, ապահովում երկրում գործարար միջավայրի բարելավմանն ու զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։
Անահիտ Սանթրոսյան (ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավական ապահովման բաժնի պետ) - Նման դրսևորումներից մեկն էլ հենց հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրում է տարբեր երկրներում, որը իրենից ենթադրում է տնտեսավարող սուբյեկտների պատրաստակամությունը, իրենց հայտարարումը, որ իրենք գործելու են մրցակցության պաշտպանության օրենսդրությանը համապատասխան:
Քիչ չեն դեպքերը, երբ հակամրցակցային պայմանավորվածությունների, սպառողին մոլորեցնելու դեպքերի բացահայտման ժամանակ տնտեսավարողներն իրենց խախտումները փորձում են արադարացնել օրենքների չիմացությամբ:
Տիգրան Մարկոսյան (ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ) - Էս տեսանկյունից կոմպլաենսը, այն մինիմում տեղեկատվությունը կպարունակի, որը որ անհրաժեշտ է իմանալ հիմնական սկզբունքները և մոտեցումները ոլորտային օրենսդրության և սա էլ իր հերթին առնվազն հարց կառաջացնի էս քայլը կարելիա անել, թե չի կարելի անել, հետևաբար դրանից հետո վկայակոչել որ չենք իմացել արդեն գործ կունենանք դիտավորյալ խախտման հետ:
Եթե իրավախախտ տնտեսավարող սուբյեկտը վարչական վարույթի ընթացքում ներկայացնի իր կոմպլեանսի համապատասխան ակտը, ապա, ըստ Մարկոսյանի, հանձնաժողովը դա կդիտարկի մեղմացնող հանգամանք:
Ընդունելով հանձնաժողովի առաջարկած փաստաթուղթը, ընկերություններն, ըստ էության, ոչ միայն ստանձնում են պարտավորություններ, այլև համաձայնում գործընկերային երկխոսության գնալ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ: Հանձնաժողովն արդեն մշակել և ընկերություններին է փոխանցել համապատասխանության ու գործարար էթիկայի ուղեցույցը: