Տիկին Նունուֆարը Արևաբույր գյուղի իր այգում ինչ ունի․․․ Մշակած լոլիկից մինչև ռեհան ու բիբար, նաև՝ ինքն իրեն աճած դանդուռ․․․ Երևան է բերել վաճառքի։ Բերքը մեծածախ շուկա մտածված չեն տանում։
Նունուֆար Գասպարյան (այգետեր) - Ընդեղ էժան ա՝ Մեյմանդարում կես գին ա, տանում ենք էժան տալիս ենք իրանց, ստեղ բերում ենք, մենք վաճառում ենք:
Քիչ այն կողմ տոնավաճառի հսկաներն են․ տեղական՝ Հովտաշատի ձմերուկն է՝ հպարտանում է ֆերմեր Սպարտակը։
Սպարտակ Սահակյան (այգետեր) - էսի կլնի մի 15, 16 կգ․.․ Ըհը՝ 17 կգ:
Միրգ-բանջարեղենի այս առևտուրը՝ Հրազդան մարզադաշտի մոտ, մայրաքաղաքի միակ գյուղատնտեսական տոնավաճառում է։ Այն գործում է միայն բերքի սեզոնին, աշխատում միայն շաբաթ-կիրակի օրերին։ Սեղանների մոտ բացառապես այգետերերն են, վերավաճառող չկա՝ պնդում է գյուղտոնավաճառի կազմակերպիչը։
Հայկ Բաղդասարյան (գյուղատնտեսական տոնավաճառի կազմակերպիչ) - Այս պահին տոնավաճառից օգտվում է 60 ֆերմեր 6 մազրից՝ Արարատ, Արմավիր... Մյուս շաբաթ սպասում ենք հայտեր Տավուշից:
Երկրորդ նման տոնավաճառը Ավան վարչական շրջանում պետք է բացվեր՝ չստացվեց։ Այս մեկի տեղը մի քիչ կտված է․․․ Գալիս են հիմնականում մշտական հաճախորդները՝ ով գիտի, փորձել է։ Նաև՝ մեքենայով անցնողները, երբ անցնելիս տեսնում են միրգ-բանջարեղենով գունավորված սեղանները: Այս գնորդը, օրինակ, թոռնիկին մոտակայքում ֆուտբոլի պարապմունքի է բերել։
Տոնավաճառում կարելի է նույնիսկ ռեստորաններում մատուցվող բարձրարժեք, օրգանիկ, սերտիֆիկացված գյուղմթերք գտնել։ Լոռեցի ֆերմերն ասում է՝ սուպերմարկետներին էլ է մատակարարում։
Սուրեն Գրիգորյան (այգետեր) - Պատիսոտն, դդմիկ, կոլրաբի, քեյլեր... «Տոսկանա» սորտն ա, քեյլի տեսականի, ունենք ռուկոլաներ, բազելիկ՝ երկու տեսակ․․․ Ունեմ լոլիկի տեսականի՝ օրգանական, 5 ձևի ունեմ, 3 գույն էլ ունեմ, որ նոր պիտի հանեմ:
Ամեն ինչ առաջին ձեռքից է, թարմ է։ Գնի հարցում էլ հարմարվում են․ այս տարվա դեղձը լինի, սալորը թե շաքար-խնձորը՝ նախորդ տարիների համեմատ քիչ փող է տալիս՝ արձանագրում են գյուղացիները։
Սեյրան Բաղդասարյան (այգետեր) - Արտահանումը մի քիչ դանդաղ ա արվում Լարսի պատճառով, բնական ա, լճացում ա, սենց պիտի լինի՝ դրա համար ա իջել, հա՞․․․
Գները որ բարձր չեն՝ քաղաքացուն է ձեռնտու՝ վերլուծում են ֆերմերները։ Սփոփվում, որ չարչարանքով աճեցրածը՝ թանկ թե էժան․․․ գոնե կարողանում են իրացնել։
Գեղամ Ղևոնդյան (այգետեր) - Էստեղ մի հատ ֆարշիվնի բան չկա, որ մի բան խաբես մարդկանց: Ու շնորհակալ ենք քաղաքացիքից, որ մենք մաքուր ապրանքը բերում ենք, իրանց վաճառում ենք․․․
Մեսրոպ Աբիսողոմոնյան («Գյուղատնտեսական տոնավաճառ» կոոպերատիվի անդամ) - Օրը 400 կգ ես ստեղ վաճառում եմ, մի 50 մարդ կվաճառի՝ 30 տոննա, իսկ դա գյուղացու համար կարևոր ա․․․
Վարդավառի առևտուրը թե չեք հասցրել՝ առավոտ ժամը 8-ից նաև կիրակի են բաց․․․ «էստի համեցեք» են կանչում գյուղտոնավաճառից։ Մեքենայով պիկնիկի գնացողներին հորդորում թեքվել-թարմ ապրանք վերցնել կամ ամերիկացի այս ընտանիքի պես ուիքենդի համեղ զբոսանքի գալ։