Հարկային եկամուտների առաջանցիկ աճ, առևտրաշրջանառության բարձր տեմպ, հարկային ինտենսիվ ստուգումներ: Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները: Հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 927.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ ամենաբարձրն է: Բացի դրանից՝ հարկ վճարողներին վերադարձվել է 103.7 մլրդ դրամ:
Կարեն Թամազյան (ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ) - Սա աննախադեպ է նախ իր չափով և նախորդ բոլոր տարիների ցուցանիշը գերազանցում է: Օրինակ՝ 2021-ը, որը նույնպես աննախադեպ ցուցանիշ էր, այս տարի գերազանցում է շուրջ 20 մլրդ դրամով:
Առևտրաշրջանառության ծավալը 6 ամսում կազմել է 4 տրլն 300 մլրդ դրամ, 850 մլրդ-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բացի դրանից՝ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակը կազմել է 283 մլն հատ՝ 22.5 մլն-ով ավելի 2021-ի հունվար-հունիսից: Կարեն Թամազյանն անդրադարձել է նաև այն կարծիքին, թե սրա վրա ազդել են հիմնականում գնաճն ու զբոսաշրջության մեծ հոսքը:
Կարեն Թամազյան - Իհարկե, զբոսաշրջության աճը դրական ազդեցություն ունի, բայց իմ նշած 850 մլրդ դրամի մեջ, եթե նայենք ընդամենը զբոսաշրջության և դրան առնչվող հանրային սննդի, հյուրանոցների ոլորտին, բաժին է ընկնում 51 մլրդ դրամը, սակայն պնդել, որ էդ աճը միայն դրա հաշվին է, էդքան էլ ճիշտ չէ, քանի որ, օրինակ, ծրագրային ապահովման ոլորտում կշիռը կազմում է այդ 850 մլրդ-ի մեջ 69 մլրդ դրամ, կամ օրինակ շինարարության ոլորտում կշիռը կազմում է 62 մլրդ դրամ:
Առևտրի կենտրոններն իրենց վրա զգացել են այս ակտիվությունը. սպորտային պարագաներ վաճառող խանութի գանձապահը նշում է՝ իրենց մոտ, օրինակ, ամենապահանջվածը մարզահագուստն է:
Նաիրա Հայրապետյան (սպորտային խանութի գանձապահ) - Մեր խանութում էլ է բավականին ակտիվ, կապված ռուս և պարսիկ զբոսաշրջիկների հետ, չնայած տեղի բնակչության հոսքն էլ բավականին ակտիվ է:
Առևտրաշրջանառության աճը զգացել են հատկապես հագուստի և սննդամթերքի խանութները, սակայն վաճառքի ակտիվությունը ամեն տեղ չէ, որ բարձր է եղել:
Վարդան Պետրոսյան (խանութ-սրահի մենեջեր) - Առևտուրը շարունակում է իր բնականոն հունի մեջ ընթանալ, հատկապես տոնական օրերին, ոչ մի տարբերություն հատկապես չի փոխվել: Ընդհանրապես, հասարակության մեջ փոխվել է ակտիվությունը՝ կապված մոլերի հետ, և էս դեպքում մեծ սպասարկող սրահների մասին է խոսքը, տարբերությունն այն է, որ հաճախորդների այցն է շատացել:
Առաջին կիսամյակի ընթացքում ՊԵԿ-ն իրականացրել է 13 774 ստուգում և ուսումնասիրություն, որից 9 329-ը՝ ՀԴՄ-ների կիրառման հետ կապված: ՀԴՄ չտպագրելու 5 881 դեպք է արձանագրվել: ՊԵԿ-ից ընդգծում են՝ վերջին տարիներին խախտումները նվազման միտում ունեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան