Վարչապետի որոշմամբ հաստատվել է կոռուպցիայի դեմ պայքարի 2022-ի գործողությունների ծրագիրը: Պատասխանատու մարմինները հանրությանը կիրազեկեն կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների, բարեփոխումների մասին: Իրականացվելու են վերապատրաստումներ պետական կառույցների մամուլի քարտուղարների, լրագրողների համար: Կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստում, սեմինարներ կկազմակերպվեն նաև գործարար ոլորտում: Իրազեկման արշավից բացի՝ կտեղեկացնեն՝ որոնք են կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները, ինչ մանդատ ունեն, ինչ հարցով, երբ պետք է դիմել նրանց:
Հասմիկ Տիգրանյան (ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն մոնիտորինգի բաժնի պետ) - Հանրությունն իրազեկվելու է նաև այն հարթակների մասին, որտեղ կարող են ներկայացնել ազդարարում, արձագանքել կոռուպցիոն դեպքի մասին՝ լինի դա հանցագործություն թե շահերի բախում, թե հանցագործություն չհամարվող ցանկացած դեպք, որը հասարակության յուրաքանչյուր անդամ համարում է, որ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր կամ ինքնին կոռուպցիա է:
Հաղորդակցման գործողությունների ծրագիրն իրականացվելու է հակակոռուպցիոն մարմինների գործակցությամբ: Ոլորտում, ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցչի, իրազեկվածության պակաս իսկապես կար. հանրությունը հաճախ է շփոթում, օրինակ, հանժնաժողովի և հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները:
Անահիտ Հովակիմյան (ՀՀ ԿԿՀ կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիտորինգի վարչության գլխավոր մասնագետ) - Համապատասխան խնդիրների առկայության դեպքում եթե ազդարարելու անհրաժեշտություն առաջանա, հասարակության անդամները ճիշտ հասցեագրեն նամակները, դիմումները, մարմինները, որոնց գործունեությանը դրանք առնչվում են:
Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտութունը բխում է հասարակական պահանջից, հակակոռուպցիոն ռազմավարությունից, մեր միջազգային պարավորություններից: Ծրագրի նպատակն է, որ հանրությունն առավել համակարգված իրազեկվի կոռուպցիայի դեմ պայքարի մասին, դառնա նաև դրա մասնակիցը:
Հասմիկ Տիգրանյան - Առանց հանրության աջակցության` պետության ջանքերն ի զորու չեն պայքարելու արատավոր երևույթների դեմ:
Անահիտ Հովակիմյան - Մինչև 2022 ավարտը գործուն քայլեր կանենք հանձնաժողովին պատվիրակված գործողությունների վերաբերյալ:
Կբարձրացվի նաև հակակոռուպցիոն դատարանների առնչությամբ իրազեկումը: Տիգրանյանի խոսքով՝ հանրությունը պետք է վստահ լինի, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ ամբողջական շղթայով ապահովվում է մասնագիտացված մոտեցում. բարեվարք պաշտոնյաները գործի սկզբից մինչև վերջ ապահովում են կոռուպցիոն գործերի քննությունը: