Կալանավորված անձանցից մեկը օրերս Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է վերադարձել մարմնական վնասվածքներով: Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ՔԿՀ-ի բուժաշխատողը բժշկական զննության ընթացքում անձի մոտ նման առերևույթ մարմնական վնասվածքների առկայության դեպքում պարտավոր էր կազմել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրություն և անմիջապես փոխանցել իրավասու քննչական մարմին:
Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորումների համաձայն՝ վնասվածքների վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին չուղարկելու պատճառ է հանդիսացել Ձերբակալվածներին պահելու վայրում նման արձանագրության առկայությունը։
Պաշտպանն ընդգծում է, որ նշվածը որևէ կերպ չի կարող «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» բուժանձնակազմի կողմից համապատասխան արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին այն չուղարկելու հիմք հանդիսանալ։
Լաուրա Գասպարյան (ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ) - ՁՊՎ-ում գտնվելու ամբողջ ընթացքում և ՔԿՀ հիմնարկ տեղափոխվելու ընթացքում դեռևս անձը գտնվում է անազատության մեջ ու ՔԿՀ մտնելիս պետք է վնասվածքները արձանագրվեն, ու գանգատները, հոգեբանական խնդիրները ուսումնասիրվեն ու թե` ստացված վնասվածքները արդյոք համապատասխանում են իրականությանը:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով խնդրին, նշել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել: Նախարարի ցուցումով հանձնարարվել է ուսումնասիրել տեղի ունեցածը՝ պարզելու մեղավոր անձանց շրջանակը՝ հետագայում բացառելով նաև նմանատիպ խախտումները։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է՝ տարիների փորձը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում խնդիրը զուտ բարձրաձայնվում է, իրական մեղավորները այդպես էլ չեն բացահայտվում ու պատասխանատվության չեն ենթարկվում:
Նինա Կարապետյանց (իրավապաշտպան) - Սպասումներ` դրական արձագանքի, արդյունավետ քննության, չունեմ, քանի որ սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին դեպքն է լինելու, երբ մենք խնդիր ենք արձանագրում, և պետական պաշտոնատար անձինք, տարբեր կառույցներ չեն արձագանքում:
Կարապետյանցի պնդմամբ՝ ոստիկանները գիտեն, որ նման արարքի դեպքում իրենք խիստ պատասխանատվության չեն ենթարկվելու: Այնինչ ոստիկանը իր ծառայության ժամանակ պետք է հստակ իմանա՝ միայն լավ վարքագծի դեպքում կարող է աշխատանքում առաջընթաց ունենալ: Մինչդեռ, իրավապաշտպանի խոսքով, սովորաբար հակառակ պատկերն է լինում:
Նինա Կարապետյանց - Մենք ունենք իրավիճակ, երբ մեղադրանք է առաջադրվել խոշտանգման հոդվածով, բայց ոստիկանը առաջխաղացում ունի, պաշտոնի բարձրացում ունի, ուսադիրների վրա աստղերի բարձրացում ունի, և ոչինչ չի հուշում, որ նորմալ վարքագիծը չխոշտանգելն է:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են՝ մշտադիտարկումները ցույց են տվել, որ ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ժամանակ վնասվածքները պարբերաբար չեն արձանագրվում: Մասնավորապես, «Աբովյան» ՔԿՀ այցի շրջանակներում պարզվել է, որ ազատությունից զրկվածի մոտ կալանավայր ընդունվելիս հայտնաբերվել են վնասվածքներ, անձը հայտարարել է, որ դրանք ստացել է ձերբակալման ընթացքում կիրառված անհամաչափ ուժի արդյունքում, սակայն այդ մասին համապատասխան արձանագրություն չի կազմվել։ Ավելին, ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի խոսքով՝ միայն իրենց հարցադրումներից հետո է դեպքի վերաբերյալ արձանագրություն կազմվել, ինչը օրենքի խախտում է, քանի որ կալանավորվածի մուտք գործելուց անցել էր 63 ժամ, այնինչ արձանագրումը պետք է անել 24 ժամում:
Լաուրա Գասպարյան - Մենք չենք շեշտադրում, թե կա վատ վերաբերմունք կամ խոշտանգման դեպք, էստեղ անձը հայտարարում է, որ կա անհամաչափ ուժի կիրառում ոստիկանության աշխատակիցների կողմից, այս հարցը ենթակա է պատշաճ քննության, եթե անձը հայտնում է, որ իր նկատմամբ ոստիկանության կողմից կա անհամաչափ ուժի կիրառում:
Քրեական օրենսգրքում խոշտանգման հոդվածն ավելացվել է 2015-ին: Մինչ օրս խոշտանգումների վերաբերյալ կայացվել է 2 դատական ակտ: Առաջին մեղադրական դատավճիռը եղել է 2021 թ. դեկտեմբերի 28-ին, որով ոստիկանության երկու աշխատակիցները մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով: Երկրորդ դատավճիռը կայացվել է 2022-ի մարտին:
Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ խոշտանգման ենթարկված անձանց զգալի մասը առհասարակ չի խոսում իր հետ կատարվածի մասին:
Նինա Կարապետյանց - Հետևաբար, ասել, որ այս թվերը, որոնք մենք այսօր ունենք, իրական թվեր են, չի կարելի, դրանք իրական չեն, շատերն ուղղակի չեն ուզում համակարգի դեմ գնալ, որովհետև խոշտանգվածների վրա տեղի է ունենում ճնշում:
2015-2022-ի ընթացքում, ըստ գլխավոր դատախազության, խոշտանգման վերաբերյալ 291 հաղորդում կա, որոնցից 244-ով հարուցվել է քրգործ, 45-ը մերժվել են, 130-ը՝ կարճվել: