Երևանի բոլոր բարձրահարկ շենքերում աղբամուղները փակված-զոդված են: Քաղաքային իշխանությունը հիշեցնում է, որ չնախատեսված վայրում աղբ նետողները կտուգանվեն 20-80 հազար դրամով: Ներկայացվել է օրենսդրական փոփոխության առաջարկ, որի ընդունման դեպքում կարգազանցներին հնարավոր կլինի մինչև 200 հազար դրամով տուգանել:
Արդեն մի քանի ամիս տիկին Վարդիթերը կախ սրտով է քայլում: Ասում է` 8-րդ հարկում ո՛չ հոտ կար, ոչ էլ առնետներն էին հասնում, հեշտ ու հարմար էր հենց մուտքում աղբ թափելը: Այս մտքին, սակայն, համաձայն չեն նույն շենքի հարևանները:
Արամ Գասպարյանի բնակարանը առաջին հարկում է, ուղիղ աղբախցի հարևանությամբ: Ասում է՝ ամառները պատուհանները փակ էին պահում, հոտն էր անտանելի:
«Լուրեր»-ի նկարահանող խումբը մի քանի շենք այցելեց, բայց տարածքի համատիրության կառավարիչը վստահեցնում է՝ իր համակարգման տակ գտնվող 29 շենքի բնակիչների մոտ 95 տոկոսը գոհ են:
Վարուժան Խոջագուրյան (Կենտրոն վարչական շրջանի Ե. Քոչար համատիրության կառավարիչ) - Հարկերով զոդել ենք, իսկ աղբախցերում տեղ կա` փական ենք գցել, տեղ կա` զոդել ենք, որ չբացեն: Աղբ էլ չեն նետում, որովհետև 10-15 օրը մեկ մենք նայել ենք տալիս:
Գործընթացը 2018-ին է սկսվել, առավել թափ հավաքել վերջին 1.5 տարում: Քանի որ աղբախցերը շենքերի բաժնային սեփականություն են, Երևանի քաղաքապետարանը որոշումը միանձնյա չկատարեց, բայց հորդորեց բնակիչներին համաձայնել այս բարեփոխմանը, ասում է կոմունալ տնտեսության վարչության պետը:
Արսեն Կարոյան (Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ) - Դա առաջին հերթին նպաստում է տվյալ շենքի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը: Ունեինք շուրջ 3691 աղբախուց, որոնք որ փակվեցին: Այս պահի դրությամբ մենք Երևան քաղաքում սպասարկվող աղբախուցեր չունենք:
Սպասարկվող աղբախուցեր չկան, բայց դա չի խանգարում, որ, ճիշտ է, հազվադեպ, բայց որոշ քաղաքացիներից կոտրեն զոդված աղբամուղները և շարունակեն աղբ նետել նախկին տարբերակով:
Արսեն Կարոյան - Սա քանի որ ընդհանուր բաժնային սեփականություն է, ես ուղղակի մեր բնակիչներին կհորդորեմ՝ բաժնային սեփականությունն իրենց տան նման է, պետք չէ իրենց տանը թափել այդ աղբը: Աղբի համար նախատեսված են հատուկ աղբամաններ, որոնք որ հասանելի են բնակչության համար, նորմատիվներին համապատասխանում են:
Այդպիսի քայլի համար քաղաքացին կարող է տուգանվել 20-80 հազար դրամով՝ դեռ: Քաղաքապետարանը նախագիծ է մշակել, որ չսահմանված վայրում աղբ նետելու համար տուգանքի չափը հասնի 200 հազար դրամի, ընդ որում` խոսքը միայն մեքենայից դուրս նետվող աղբի մասին չէ, կտուգանվեն նաև քայլող ու գետնին որևէ բան նետող, շենքերում չնախատեսված վայրում տոպրակով աղբ թափող քաղաքացիները: