Անուշը փոխադրվել է երկրորդ դասարան: Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Գեղանուշ բնակավայրում է ապրում: Չնայած արձակուրդ է՝ դպրոց է եկել: Ավելի ճիշտ՝ դպրոցի տարածքում գործող «Ժպիտների ակումբ», որ հյուրերին ինքն էլ ցույց տա երեխաների սիրելի այդ վայրը: Ժպիտների ակումբը ստեղծվել է անցյալ տարի՝ Հայկական կարմիր խաչի նախաձեռնությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ: Վերապատրաստում անցած կամավորներն այստեղ երեխաների դասապատրաստումն ու ժամանցն են կազմակերպում: Ուսումնական տարվա ընթացքում ակումբ է հաճախել 41 աշակերտ՝ 1-6-րդ դասարանում սովորողները: Նրանց թվում Անուշը՝ չորս համադասարանցիների հետ.
ՄԻԼԵՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ (Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավոր, ժպիտների ակումբի լիդեր) - Ունենք մշակութային այցեր, սոցիալական միջոցառումներ, կատարում ենք կինոդիտումներ, երեխաներին թանգարաններ ենք տանում, սրճարան:
Դա ուսումնական տարվա ընթացքում: Իսկ արձակուրդին...
ՄԻԼԵՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ - Բակային ճամբար ենք անելու՝ ամսի 27-ից մինչև 30-ը:
Գեղանուշի դպրոցը 65 աշակերտ ունի: 7-12-րդ դասարանցիներն էլ մասնակցում են «Մարդկային արժեքների խթանում» ծրագրին:
ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ (Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Կարողանում են իրազեկվել իրավունքներին, պարտականություններին, սովորել՝ ինչպես գրել ծրագրեր, հասարակության մեջ հեշտ ինտեգրվել և առաջ քաշել հարցեր:
Տնօրենն ասում է՝ հաստատությունն ունի գույքի, լաբորատոր սարքավորումների ու նյութերի կարիք: Հուսով է՝ դպրոցները լաբորատորիայով հագեցնելու Կառավարության ծրագիրը շուտով իրենց էլ կհասնի: Գեղանուշի դպրոցում 22 ուսուցիչ է աշխատում: 20-ը գալիս են Կապանից: Նրանց տեղափոխող մշտական տրանսպորտ կա:
ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Հիմա վերանորոգվում է Կապան-Գեղանուշ ճանապարհը, և սեպտեմբերին ամեն ինչ հավուր պատշաճի կլինի:
Դպրոցից մի քիչ ներքև Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է: Այստեղ հանդիպեցինք տիկին Լարիսային:
ԼԱՐԻՍԱ ՍԱՖԱՐՅԱՆ (Գեղանուշի բնակիչ) - Ե՛վ պահակ եմ, և՛ այգեպան եմ, և մոմավաճառ եմ, և մաքրարար եմ:
Եկեղեցին հիմնադրվել է 1870 թվականին: Լարիսա Սաֆարյանը այստեղ է աշխատում 5 տարի: Ասում է՝ վարձատրություն ունենում է, եթե մոմ է վաճառվում: Բայց չնչին եկամուտն իրեն այնքան չի մտահոգում, որքան եկեղեցու վիճակը: Ժամանակի ու տեղումների ազդեցությունից կառույցը, ըստ նրա, թուլացել է, ու փլուզման վտանգ կա:
Եկեղեցուց մի քիչ ներքև էլ Գառնիկ պապի տունն է: Կնոջ հետ է ապրում: Կապանից որդիներն ու թոռները հաճախ այցելում են: 80-ամյա պապը տեսողություն չունի ու դժվարությամբ է դուրս գալիս, բայց գյուղի կյանքից տեղյակ է:
ԳԱՌՆԻԿ ԶԱԽԱՐՅԱՆ (Գեղանուշի բնակիչ) - Գյուղում մարդ ա՞ մնացել, էս վերջին տարիներին ծերացել են, մահացել են, երիտասարդության մի մասը դրսի երկրներում են աշխատանքի պատճառով, բայց էս վերջին ժամանակներում ջրատարներ են մի մասը վերանորոգել գյուղի դիմաց, ճանապարհները ասֆալտապատել են: Ոչինչ, էլի, բարելավել են, բայց ջրատարները մեկը 10 կիլոմետր է՝ Խուստուփ սարի ներքևը, մեկն էլ ներքևից է՝ 7 կիլոմետր: Էս ներքևինը շատ վթարային է, ճանապարհներն էլ շատ վատ են, պետությունը թե կարողանա օգնի, վաղը-մյուսը օրը կարող է խափանվի, մնանք առանց ջուր:
Գեղանուշի բնակիչներն ասում են՝ չնայած ադրբեջանական դիրքերը մոտիկ են, կրակոցներ չեն լինում:
ԳԱՌՆԻԿ ԶԱԽԱՐՅԱՆ - Ես տեսնում չեմ, բայց երեխեքը ասում են, էլի, որ «Ուռած քարի» մոտ իրենք են, նրանից ներքև էլ մերն է: Էս է՝ երկրորդ տարին է՝ էնտեղ են, բայց հլը ոչ մի կրակոց-բան, չկա, էլի: Բայց հանդի էն կողմերը արդեն դեպքեր պատահել են, տելեվիզրով լսում եմ, էլի:
Տիկին Լարիսան էլ ասում է՝ իհարկե, այնպես չէ, որ գյուղում անհանգստություն չկա, անտառ գնալիս զգուշանում են, բայց կրակոցներ չեն լինում:
ԼԱՐԻՍԱ ՍԱՖԱՐՅԱՆ - Կրակոցներ չեմ լսել, որ ստից ասեմ՝ կրակոց եղել է՝ չի եղել: Ամենակարևորը՝ խաղաղություն լինի, ամեն ինչ կլինի, ջանա:
Հեղինակ՝ Աննա Զախարյան