Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ ուկրաինական կողմի կորուստները պակասել են. բանակն օրական կորցնում է շուրջ 30 զինվոր, վիրավորների թիվը հասնում է 250-ի: Մինչդեռ մայիսին և հունիսին, նրա խոսքով, զոհվում էր 100-200 զինվորական։
Զելենսկին նաև համոզմունք է հայտնել, որ Կիևի և Մոսկվայի միջև զինադադարի հաստատումն առանց երկրի տարածքային ամբողջականության վերականգնման միայն կերկարաձգի հակամարտությունը. Ռուսաստանը կշահի հրադադարից և հնարավորություն կստանա վերականգնել ուժերը:
Ուկրաինայի ղեկավարն անդրադարձել է Արևմուտքի ռազմական աջակցությանը՝ ընդգծելով, որ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առկա խմբաքանակը բավական չէ մարտի դաշտում իրավիճակը փոխելու համար: Նրա խոսքով՝ Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր են անհրաժեշտ: