Մի քանի ստորագրություն, որ կարող են սովից փրկել միլիոնավոր մարդկանց: Աշխարհում ահագնացող հացահատիկի ճգնաժամի հաղթահարման առաջին քայլն արված է: Ստամբուլում 2 փուլով 2 համաձայնագիր է ստորագրվել՝ համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի արտահանման դյուրացման և ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման սահմանափակումները չեղարկելու վերաբերյալ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, թուրքական կողմի հետ նախ հանդիպել ու փաստաթուղթը ստորագրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Օլեքսանդր Կուբրյակովը, այնուհետև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Գործարքը ենթադրում է ուկրաինական հացահատիկի արտահանում սևծովյան երեք նավահանգստից. պայմանագիրն ուժի մեջ է 120 օր՝ երկարաձգման հնարավորությամբ։
Համաձայնագրի ստորագրումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ այն կյանքի կոչելու համար կողմերը ջանք չեն խնայի:
Անտոնիու Գուտերեշ (ՄԱԿ գլխավոր քարտուղար) - Սա աննախադեպ համաձայնություն է արյունալի հակամարտությունում ներգրավված երկու կողմի միջև: Սև ծովի վրա հույսի փարոսն այսօր շողաց՝ շնորհիվ հավաքական ջանքերի՝ տարածաշրջանի և աշխարհի համար այս դժվար և բուռն ժամանակներում: Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաղթահարեցին դժվարությունները՝ հանուն մի նախաձեռնության, որը կօգնի մարդկության բարօրությանը: Ուկրաինայից հացահատիկի արտահանման պայմանագիրը նախատեսում է արտահանում Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնի նավահանգիստներից:
Փաստաթուղթը սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող սևծովյան նավահանգիստներից ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ալգորիթմը. ռուսական կողմի բնորոշումն է: Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով` երկու փաստաթղթերն ուղղված են համաշխարհային շուկաների սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծմանը. դրանց ստորագրումը հնարավոր է դարձել Թուրքիայի և ՄԱԿ-ի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ, կարծիք է հայտնել Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, նաև նշել, որ Ուկրաինայի տարածքային ջրերում անվտանգությունը, ներառյալ ականազերծումը, պետք է ապահովի Կիևը: Ուկրաինական գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող նավերի ստուգումը կիրականացվի ինչպես ելքի, այնպես էլ Սև ծովի մուտքի մոտ։
ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծում է՝ հստակ պայմանավորվածություններ կան, որ կչեղարկվեն Ռուսաստանի նավահանգիստներից ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման հետ կապված միջազգային սահմանափակումները:
Համաձայնագիրը ստորագրելուց հետո Թուրքիայի նախագահը վստահեցրել է՝ «հացահատիկային սպասված միջանցքը» կսկսի գործել առաջիկա օրերին:
Ռեջեփ Թայիփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Հացահատիկի վերաբերյալ համաձայնագիրը պարենային ճգնաժամի լուծման կարևոր քայլ է: Այս համաձայնագիրը կնպաստի աշխարհում միլիարդավոր մարդկանց սովի սպառնալիքի վերացմանը:
Հանդիպումից րոպեներ անց Մոսկվան վստահեցրել է՝ պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել արդյունավետ իրագործելու գործարքի դրույթները: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ Ստամբուլում ստորագրված հուշագիրն ընդգծում է` Արևմուտքի՝ Ռուսաստանին պարենային խնդիրներ ստեղծելու մասին մեղադրանքներն արհեստական են:
Նախնական հաշվարկով՝ այս պահին միայն Ուկրաինայի հարավում ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկ է կուտակված: