Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Օդեսա, Չեռնոմորսկ և Յուժնի նավահանգիստների վերահսկողությունը իրականացնելու է ուկրաինական կողմը։ Այս նավահանգիստներ կթույլատրվի բացառապես հացահատիկի և հարակից սննդամթերքի ու պարարտանյութերի արտահանումն ապահովող նավերի մուտքը:
Նույն փաստաթուղթը պետք է ստորագրեն նաև Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն ժամանել է Ստամբուլ: Այցի շրջանակում նա առանձին հանդիպում կունենա նաև իր թուրք գործընկերոջ հետ:
ՄԵՐՁԴՆԵՍՏՐԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՆԿԱԽԱՆԱԼ, ՀԵՏՈ ՄԻԱՆԱԼ ՌԴ-ԻՆ
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունները մտադիր են անկախանալ՝ համաձայն 2006 թվականի հանրաքվեի արդյունքների, որից հետո հաջորդ քայլը կլինի Ռուսաստանին միանալը` հայտարարել է ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Վիտալի Իգնատևը։ Հուլիսին լրանում է Մերձդնեստրում ռուսական խաղաղապահ գործողության 30 տարին: Իգնատևը հայտարարել է, որ Քիշնևը խոչընդոտում է խաղաղապահների ռոտացիան և դիմել է Մոսկվային՝ խաղաղապահ զորախմբի ուժեղացման խնդրանքով:
Մոլդովայի ԱԳՆ-ն արձագանքել է Իգնատևի հայտարարությանը՝ շեշտելով, որ խաղաղապահ զորախմբի կազմի մեջ մտնող ռուս զինծառայողների ռոտացիան իրականացվում է ըստ սահմանված մեխանիզմի՝ սահմանված կանոններով:
ՄՈՒՐՄՈՒՆ՝ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Հնդկաստանի նոր նախագահ է դարձել 64-ամյա Դրաուպադի Մուրմուն։ Նա դարձավ հանրապետության պատմության երկրորդ կին նախագահը: Մուրմուն երկրի առաջին ղեկավարն է, որը սոցիալական ցածր խավից է: Հնդկաստանի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Հնդկաստանի նախագահը հիմնականում կատարում է ներկայացուցչական գործառույթներ՝ հաստատելով կառավարության կանոնակարգերը։
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՇՈԳԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 1700 ՄԱՐԴ
Պորտուգալիայում և Իսպանիայում շոգերի հետևանքով զոհվել է առնվազն 1700 մարդ՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն: Իտալիայի առողջապահության նախարարությունն այսօր օդերևութաբանական վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարել երկրի 27 խոշոր քաղաքներից 16-ում։
ԱՀԿ ներկայացուցիչ Կլյուգեին մտահոգել է նաև այն փաստը, որ անտառային հրդեհներն այժմ տեղի են ունենում նույնիսկ հյուսիսում՝ Սկանդինավիայում, այս շաբաթ Լոնդոնում հրդեհները ոչնչացրել են 41 տուն։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրոպայում օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև հաջորդ շաբաթվա կեսը։