ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Ստամբուլ՝ քննարկելու Ուկրաինայում շարունակվող հակամարտության հետևանքով աշխարհում առաջացած պարենի ճգնաժամը հաղթահարելու ուղիները՝ Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակը ՝ մանրամասնելով, որ որոշումները դեռ վերջնական չեն, անելիքները շատ են, ուստի դեռ հստակ չէ՝ արդյոք մոտ ապագայում կստորագրվի՞ որևէ համաձայնագիր, թե՞ ոչ:
Ֆարհան Հաքը նշել է, որ կառույցն արդեն կարևոր քայլ է կատարել՝ ապահովելու ուկրաինական սննդամթերքի անվտանգ արտահանումը Սև ծովով, և Գուտերեշի Թուրքիա այցը ցանկալի նպատակին հասնելու ճանապարհին կարևոր քայլ է: ՄԱԿ-ի պաշտոնյայի խոսքով՝ բանակցությունների նպատակը վերջնական համաձայնագիր ունենալն է, որը թույլ կտա ուկրաինական և ռուսական պարենային ապրանքները դուրս բերել համաշխարհային շուկա: Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ հացահատիկի խնդրի վերաբերյալ փաստաթուղթը կստորագրվի այսօր Ստամբուլում. արարողությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԶԳԱԼԻ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի զինված ուժերը «առաջխաղացման զգալի ներուժ ունեն` հայտարարել է Ուկրաինայի նախագահը երկրի բարձրագույն ռազմական հրամանատարության հետ հանդիպումից հետո։ Վոլոդիմիր Զելենսկին շեշտել է, որ այդ կարծիքի են գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի բոլոր անդամները։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մտադիր է մինչև ձմեռ բեկում մտցնել ռազմական գործողություններում։ «Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լուրջ է տրամադրված ու պատրաստ է անել ամեն ինչ, որ մենք մեր տարածքները հնարավորինս շուտ ազատագրենք»,- հայտարարել է Անդրեյ Երմակը:
ԵՄ-Ն ԼԻՈՎԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԴԵՍՊԱՆ ԿԱՐԼ ՀԱՐՑԵԼԻՆ. ՍՏԱՆՈ
Եվրամիությունը լիովին աջակցում է դեսպան Կարլ Հարցելին, որը գերազանց աշխատանք է կատարել Վրաստան-ԵՄ հարաբերություններում՝ Twitter-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն։
Նրա խոսքով՝ բարեփոխումների իրականացումն ու Եվրամիության օրակարգը երկրի ներսում աշխատող քաղաքական գործիչների խնդիրն է։ Ավելի վաղ Վրաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ քննադատել էին քառամյա դիվանագիտական առաքելությունը ավարտած ԵՄ դեսպան Կարլ Հարցելին: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահը հայտարարել էր, որ Հարցելը միայն բացասական դերակատարում է ունեցել Եվրամիության և Վրաստանի հարաբերություններում։ Երկրի ընդդիմությունն իր հերթին հնչած մեղադրանքները մեկնաբանել է որպես հակաեվրոպական հերթական արշավ։
ԻԻՀ-Ի ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ Է. ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է և հիմնված դինամիկ դիվանագիտության և խելացի փոխգործակցության վրա՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, անդրադառնալով Իրանի առևտրային փոխանակումների ծավալներին, նշել է, որ տարբեր ոլորտներում առևտրի ծավալների աճը կազմել է նվազագույնը 36 տոկոս, առավելագույնը՝ 570 տոկոս։
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը վարակվել է կորոնավիրուսով: Ջո Բայդենն ամբողջությամբ պատվաստված է, երկու անգամ էլ ստացել է խթանիչ դեղաչափ, ինչի շնորհիվ նախագահը վիրուսի շատ թույլ ախտանշաններ ունի: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը ասուլիսի ընթացքում նշել է, որ Բայդենը մեկուսացել է Սպիտակ տանը և այդ ընթացքում կշարունակի կատարել իր բոլոր պարտականությունները։