ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ստեղծած Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզից ակնկալիքները մեծ են, արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին՝ փաստաթղթի ներկայացման շնորհանդեսին ընդգծում է ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենը:
Ջոն Ալելո (ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն) - Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը ներդրումների խթանման համապարփակ փաստաթուղթ է, որը ներառում է միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված համալիր գործողությունների ծրագիր: Փաստաթուղթը ստեղծվել է միջազգային և տեղական փորձագետների համատեղ ջանքերով:
Ճանապարհային քարտեզը մշակվել է էկոնոմիկայի նախարարության պատվերով։ Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանի Կառավարությունը ձգտում է փոխել տնտեսության կառուցվածքը՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցնելով ներդրումների վրա հիմնված աճի։ Ապագայում ներդրումների մեծ հնարավորություններ կան՝ վստահեցնում է նախարարը:
Վահան Քերոբյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարար) - Ընդհանուր ներդրումների ծավալը ՀՆԱ հետ հարաբերակցությունը պետք է հասցնենք 25 տոկոսի, իսկ օտարերկրյա ներդրումների ծավալը՝ 6 տոկոսի: Այսօր 1.7 տոկոսի վրա ենք կանգնած, այսինքն՝ ունենք մեծ հնարավորություններ առջևում:
Ըստ Քերոբյանի՝ տեղական և արտասահմանյան գործարարները պետք է իմանան, որ փոփոխությունների շնորհիվ ներդրումային միջավայրը Հայաստանում դառնում է ավելի ապահով, արդարացված ու եկամտաբեր:
Վահան Քերոբյան - 2021 թ. համախառն ներդրումային կուտակումը կազմել է 1.43 տրլն դրամ, որը 10 տոկոսով ավելի է 2020-ից, այսինքն՝ մենք ունեցել ենք ներդրումների կտրուկ աճ, և եղել է լավագույն ցուցանիշը վերջին մի քանի տասնամյակում:
Այդքանով Կառավարությունը չի բավարարվի: Ճանապարհային քարտեզն ու իրականացվող քայլերն ուղղված են էլ ավելի շատ ներդրումների ներգրավմանը՝ ընդգծում է Քերոբյանը: Տնտեսության արդիականացման ծրագրով վերջին երկու ամսին մոտ 10 մլրդ դրամի ներդրում է ներգրավվել: Անդրադառնալով պետական գույքի մասնավորեցմանը՝ նախարարը նշում է՝ շուտով կներկայացվի «Գույքը և ենթակառուցվածքները՝ ներդրումների դիմաց» ծրագիրը՝ ուղղված մշակող արդյունաբերության զարգացմանը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան