Մինչև ձմեռ Ոսկեհատը մանկապարտեզի հիմնանորոգված ու կահավորված շենք կունենա: Փոքրիկներն այլևս ստիպված չեն լինի կրթություն ստանալ մի միջավայրում, որտեղ պատերը խոնավությունից քայքայվում են, հատակը՝ ճոճվում, իսկ խմբասենյակներում խոտեր ու թփեր են աճում պատերի միջից:
Համլետ Մադաթյան (աշխղեկ) - Կանալիզացիան չէր աշխատում, կեղտաջրերը թափվում էին նկուղ, ջրերը պատերի մեջ էին քաշվում, դրա համար խոնավություն կար շենքում:
Մանկապարտեզի հիմնանորոգումը հնարավոր եղավ համայնքների խոշորացումից հետո, երբ Ոսկեհատը միավորվեց Էջմիածնի հետ: 60-ականներին կառուցված շենքը երկրորդ կյանք կստանա պետության և համայնքի համաֆինանսավորման շնորհիվ: Գումարի 70 տոկոսը պետությունը կտա: Մանկապարտեզում առաջին անգամ երաժշտության դահլիճ կլինի, որտեղ երեխաները հնարավորութուն կունենան երգի ու ֆիզկուլտուրայի պարապմունքներ անցկացնել:
Լիլիթ Հակոբյան (Վաղարշապատի համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ) - Բավականին լավ շենքային պայմաններ ենք ունենալու և բոլոր քայլերը ձեռնարկելու ենք, որ բարձրացնենք նաև կրթական մակարդակը:
Համայնքի ղեկավարությունը փորձում է գույքի հարցն էլ հիմնադրամների միջոցով լուծել: Իսկ ջեռուցվող շենքում հնարավոր կլինի աշխատել նաև ձմռանը: Կգործի երկու խումբ: Խմբասենյակները կունենան առանձնացված ճաշասրահներ և խաղասրահներ:
Համլետ Մադաթյան - Երկու խմբասենյակ է, ամեն մեկը իր սանհանգույցն է ունենալու, անձնակազմի, բուժկետի սանհանգույցներն էլ են առանձին:
Շինարարները գիշեր-ցերեկ աշխատում են, որ շենքը շահագործման հանձնեն նախատեսվածից շուտ: Բայց, ասում են՝ արագությունը որակի հաշվի չէ: Նույնիսկ չեն էլ հիշում՝ որերորդ մանկապարտեզն են հիմնանորոգում և դեռ բողոքներ չեն լսել:
Հովսեփ Գևորգյան - Աշխատում ենք ընտիր լինի, որակով լինի, ցեմենտը լավ ենք տալիս, որ պատերը ձիգ լինեն:
Հակոբ Լևոնյան - Քրոջս, եղբորս երեխաներն են այստեղ, պետք է այնպես անենք, որ մեր գործից լավ զգանք:
Մանկապարտեզը 65 երեխայի համար է: Բայց համայքը մեծանում է, իսկ 3-5 տարեկան երեխաների թիվը՝ աճում:
Լիլիթ Հակոբյան - Բավարարելու է, որովհետև գյուղում կա նաև նախակրթարան, ավագ խմբի երեխաները հաճախում են նախակրթարան: 5 տարեկանը լրանալուց հետո կարող են գնալ նախակրթարան:
Լիլիթ Հակոբյանը հույս ունի, որ վերանորոգումից հետո ոսկեհատցի փոքրիկներից շատերին ծնողները Էջմիածնի մանկապարտեզներից հետ կտանեն Ոսկեհատ: