Ճանապարհամերձ հատվածներում խաչերի, հուշաքարերի կամ խաչքարերի տարերային տեղադրումը բացառելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են խնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ:
Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում կայացել է հանդիպում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Հարություն Սեդրակյանի հետ:
Դիտարկվել է այն ձևաչափը, որով նախատեսվում է առաջին փուլում հավաքել ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ճարտարապետական փոքր ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը: Անդրադարձ է կատարվել հուշարձանների տեղադրման իրավական հիմքերին: Քաղաքաշինության կոմիտեի մասնագետներն առանձնացրել և գործընկերների հետ քննարկմանն են ներկայացրել նաև ոլորտին առնչվող իրավական այն ակտերը, որոնցում անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել՝ դաշտը կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու նպատակով: Հանդիպման մասնակիցներն իրենց դիտարկումներով ամբողջացրել են օրենսդրական կարգավորումներում փոփոխություններ կատարելու նախնական առաջարկը:
Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ՝ ներառելով շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ իրագործելու նպատակով: