Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի արձագանքները Թուրքիայում դրական են, կարգավորման գործընթացին դեմ կողմեր չկան: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի արձագանքներն է ներկայացնում, նշում՝ նաև իշխանամետ մամուլը այն դրական շեշտադրումներով է լուսաբանել:
Կարո Փայլան (Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր) - Եվ այս զրույցը կնշանակե երկու կողմից՝ Էրդողան և Փաշինյան, կամք կա նորմալիզացման պրոցեսին: Վստահ եմ, որ այս զրույցով այս պրոցեսը ավելի արագ քայլեր պետք է արվեն:
Փայլանի դիտարկմամբ` երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը բացելու վերաբերյալ Ռուբինյան-Քըլըչ ձևաչափով ձեռք բերած պայմանավորվածությունն առաջին քայլն է, որը ժամանակի ընթացքում տանելու է սահմանի բացման երկու երկրի քաղաքացիների համար:
Կարո Փայլան - Սահմանը 29 տարուց ավել գոց է, ճամփաները, կամուրջները պետք է նորոգվեն, և այս քայլով կարծեմ այս ամիս կամ մյուս ամիս կամուրջները պետք է նորոգվեն, ու սահմանը բացվի: Այս քայլով սփյուռքի հայերն էլ կարող են անցնել այս սահմանով:
Արևմուտքի երկրները՝ Կարս, Էրզրում, և ծովի կողմի երկրները՝ Տրապիզոն, Լիզե, հետաքրքիր բան է այնտեղ սահմանի բացումը: Մարդիկ պետք է գնան-գան ու տնտեսական հարաբերություններ պետք է ունենան:
Նշում է` կան վախեր, թե արդյոք այդ սահմանը բացելուց Թուրքիան ավելի շատ չի՞ շահի: Նմանատիպ վախեր ուներ նաև Թուրքիան՝ 30 տարի առաջ, երբ Եվրամիության հետ էր սահմանը բացում:
Կարո Փայլան - Բայց Թուրքիային օգնեց այս բացումը, և Թուրքիայի էկոնոմիկան 5 անգամ, 7 անգամ, 10 անգամ ավելի մեծացավ, և, կարծեմ, մենք էլ բացումից չպետք է վախենանք, և երբ բացվի, երկու կողմն էլ պետք է օգտվեն:
Փայլանի դիտարկմամբ` սահմանը բացելուց հետո հաջորդ քայլը պետք է լինի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Կարո Փայլան - Դեսպաններ ունենանք, դեսպանատներ նշանակվեն, ու դիվանագիտական հարաբերությունները առաջ շարժվեն: Եվ երրորդ քայլն է, որ էկոնոմիկ, տուրիստական, մշակութային ուղիղ հարաբերություն ունենանք, երրորդ երկրի կամրջով հարաբերություն ունենք:
Փայլանն ընդգծում է՝ Հայաստանում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը ոչ միանշանակ արձագանքը 44-օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությամբ է պայմանավորված: Շեշտում է՝ Թուրքիան ևս պատասխանատվություն ունի տեղի ունեցած ողբերգության համար:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորի կարծիքով՝ պաշտոնական Անկարան այս գործընթացում չի անտեսում նաև ադրբեջանական գործոնը: Ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում, Փայլանի դիտարկմամբ, թուրքական կողմը առավել զգուշավոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում, սակայն Փաշինյան-Էրդողան ուղիղ շփումը կարող է խթանել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը:
Կարո Փայլան - Թուրքիան ու Հունաստանն էլ խնդիրներ ունեն, բայց դուռը բաց է, դեսպաններ ունեն: «Նորմալիզացնել» չի նշանակում` բոլոր խնդիրները պետք է լուծվեն, «նորմալիզացնել» կնշանակե` երկու երկիր ուղիղ հարաբերություն պիտի ունենա և ճամփա բացի ավելի մեծ խնդիրներ լուծելու:
Թուրքիայում սպասվող ընտրությունը Հայաստանի, Հունաստանի, Սիրիայի հետ հարաբերությունների համար որոշիչ դեր կարող է ունենալ՝ կարծում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը, ընդգծում է՝ ինքը և իր կուսակցությունը պայքարում են, որ այդ ընտրությունների արդյունքում Թուրքիան ունենա ավելի ժողովրդավար կառավարություն:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան