Աշխատանքի առաջարկ՝ 10 հազարից մինչև 100 հազար դրամ աշխատավարձով: Արդեն մի քանի օր բազմաթիվ քաղաքացիներ այսպիսի հաղորդագրություններ են ստանում, որոնցում նրանց առաջարկվում է WhatsApp-ում որոշակի գործողություններ իրականացնել: Արդյունքում շատերի անձնական տվյալները հայտնվում են զեղծարարների ձեռքին:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Տենց լավ հաշվարկած ա, որ մեծ գումար չի, փոքր էլ չի, այսինքն՝ որ մարդ չկասկածի, որ ինչ-որ ահռելի բան են առաջարկում, ու հետո երբ մարդը սկսում ա խոսակցությունը, իրեն ինչ-որ բաներ են ուղարկում, որ լրացնի տվյալները, ու ինչ-որ մի պահի, բնականաբար, բանկային քարտի տվյալ են ուզում, որ իբր աշխատավարձը փոխանցեն:
Համացանցային խաբեությունները հատկապես քովիդից հետո են կտրուկ աճել, քանի որ ֆիզիկական շփումը երկրորդ պլան է մղվել՝ դիրքը զիջելով առցանց տարբերակին: Հանցագործների թակարդը չընկնելու հաստատուն բանաձև չկա, խաբեության մեխանիզմներն անընդհատ կատարելագործվում են: Մասնագետները խորհուրդ են տալիս համացանցում տեղի ունեցող ամեն ինչ պրոյեկտել իրական կյանքի վրա:
Գևորգ Հայրապետյան (Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ) - Եթե իրական կյանքում՝ օրինակ, իրենք իրենց տան բանալին չեն վստահի այլ անձի, ինչ-որ անծանոթի փողոցում անցնողի կամ չեն դնի Հանրապետության հրապարակում բոլորի համար հասանելի վայրում, որ ով ուզենա՝ վերցնի, ուրեմն իրենց վիրտուալ տան, օրինակ՝ սոցիալական ցանցերի էջերի գաղտնաբառերը, այսինքն՝ վիրտուալ տան բանալին, նույնպես պետք չէ փոխանցել այլ անձանց:
Քաղաքացիները հատկապես հավատում են այն հաղորդագրություններին կամ գրառումներին, որոնք հայտնի մարդկանց անունից են, բանկային կամ վարկային կազմակերպություններից՝ զգուշացնում են մասնագետները: Հիմնականում օգտագործվում են Ֆեյսբուքը և մյուս սոցիալական հարթակները, արդիական են դարձել նաև բջջային հեռախոսահամարին ուղարկված նմանատիպ կեղծ հաղորդագրությունները: Խաբեության կատարելագործվող մեխանիզմների մասին նաև մեդիափորձագետն է զգուշացնում:
Սամվել Մարտիրոսյան - Գոնե վերջերս մարդիկ սկսել են մի քիչ ավելի զգուշավոր լինել, բայց միշտ կա բայց, մեկ էլ՝ ինչ-որ նոր սխեմա են հորինում, մի քիչ ինչ-որ բանը փոխվում ա, ու մարդիկ էլի իրանց կորցնում են, սկսում են տվյալները աջ ու ձախ տալ:
Մասնագետների խորհուրդն անփոփոխ է՝ այս դեպքերում չհետևել անհայտ ծագման գայթակղիչ հաղորդագրություններին և միանգամից արգելափակել այն հեռախոսահամարը կամ սոցիալական հաշիվը, որից ստացվել է հեշտ ճանապարհով գումար վաստակելու առաջարկը:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան