Կոռուպցիայի կանխարգելման համար կարևոր պայման է հակակոռուպցիոն կրթությունը:
Իրավական հարցերի փորձագետ Հասմիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ այն կնպաստի ավելի բարեվարք, պատրաստված հանրային ծառայողներ, այդ թվում՝ դատավորներ, դատախազներ ունենալուն, այդպիսով՝ արդարադատության առավել արդյունավետ իրականացմանը:
Հասմիկ Հարությունյան («Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերի փորձագետ) - Մենք շոշափել ենք Դատական օրենսգրքի կարգավորումները, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքը, դրանցից բխող օրենսդրական կարգավորումները, ինչը ցույց է տալիս, որ կա իրազեկմանն ուղղված պաշար, բայց դեռ անելիքներ կան:
Մասնավորապես անելիքներ կան շահերի բախման, մասնագիտական էթիկայի պահպանման, կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ: Դեռ 2021-ին Հայաստանի իշխանություններին ուղղված 4-րդ Գնահատման զեկույցում Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, ներկայացրել էր առաջարկություններ՝ կոռուպցիայի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով: Հարկավոր է հատուկ քաղաքականություն ներդնել դատավորների վրա անհարկի ճնշումները, շահերի բախումն ու համակարգում կոռուպցիան կանխելու համար:
Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար) - Մտածողության առումով շատ կարևոր է, որ կոնկրետ իրավիճակում նույն դատավորն իմանա, որ իր մոտեցումն է պարունակում կոռուպցիոն ռիսկ:
Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ օրենսդրական բարեփոխումների օրակարգում է նաև դատավորների ինքնաբացարկի ինստիտուտը: Սաքունցի գնահատմամբ՝ դատավորի ինքնաբացարկի հիմքերը նեղ են, պետք է ընդլայնվեն՝ շահերի բախման, կոռուպցիոն ռիսկ հասկացությունները:
Արթուր Սաքունց - Որոնք իրենցից կոռուպցիոն ռիսկեր են ենթադրում: Ասենք՝ կարող ա՝ դատավորը օբյեկտիվ հղում անի փաստարկին, բայց իրականում միտում ունենա, որ էդ գործը քննվի այլ դատավորի կողմից, որը շահագրգիռ է այդ գործով, որը չի արձանագրվում:
Հասարակական սեկտորի ներկայացուցիչների խոսքով՝ որպեսզի այս փոփոխությունները կյանքի կոչվեն, կարևոր է նաև օրենսդրական երաշխիքներ ունենալը՝ ստացված գիտելիքները գործնականում կիրառելու համար: