ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Ալեմայեհու Տեգենուին (նստավայրը՝ Մոսկվա):
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է պարոն դեսպանին և կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-եթովպական կապերի զարգացման: Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է Հայաստանի և Եթովպիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ մատնանշելով երկու ժողովուրդների հազարամյա մշակութային առնչությունները և ընդհանրությունները:
Որպես երկկողմ հարաբերությունների զարգացման բարենպաստ նախադրյալներ՝ նախարարի տեղակալը նաև առանձնացրել է Եթովպիայի՝ Աֆրիկայի առանցքային երկիր լինելու հանգամանքը, Եթովպիայում թեկուզ սակավաթիվ, բայց ազդեցիկ հայ համայնքի առկայությունը, ինչպես նաև Խորհրդային Միության ժամանակներում սկզբնավորված կրթական համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպան Ալեմայեհու Տեգենուն իր ներդրումը կունենա Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ Կողմերը քննարկել են կրթության, գիտության մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Առաջարկվել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ի դեմս ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի, գիտության և մասնավորապես հնագիտության ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով երկու երկրների և ժողովուրդների բացառիկ մշակութային ժառանգությունը։ Արծարծվել են նաև սպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես ուսումնամարզական հավաքներին ու մարզումներին փոխադարձ մասնակցությունն այնպիսի մարզաձևերում, որտեղ կողմերն ունեն համաշխարհային մակարդակի հաջողություններ։
Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպանը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում ավելի մեծաթիվ եթովպացի ուսանողներ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու հնարավորություն կունենան: Կողմերը քննարկել են նաև կրթության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով հնարավոր հուշագրի ստորագրման հարցը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու դեսպանը համակարծիք են եղել, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկու երկրները փոխգործակցության հսկայական ներուժ ունեն, և անհրաժեշտ է, որ այն լիովին իրացվի:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը դեսպան Ալեմայեհու Տեգենուին նաև ներկայացրել է սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի մանրամասները՝ վստահություն հայտնելով, որ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության կրթության և մշակույթի նախարարների մասնակցությունը նոր խթան կհանդիսանա կրթության, մշակույթի, սպորտի և գիտության ոլորտների զարգացման համար: