Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցի շուրջ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հետ շփումները շարունակվում են՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
«Եթե հաջողվի լուծել այս խնդիրը, ապա ուկրաինական ճգնաժամի կարգավորման գոնե փոքր հույս կհայտնվի»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքական կողմը հայտնում է նաև, որ հացահատիկային միջանցք բացելու վերաբերյալ վերջնական փաստաթուղթը կարող է ստորագրվել այս շաբաթ, իսկ գյուղմթերքի արտահանումը կսկսվի մոտ ապագայում։
Դիվանագետն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությանը: Նրա խոսքով՝ Անկարայի, Հելսինկիի և Ստոկհոլմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ կհանդիպեն օգոստոսին՝ քննարկելու ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում սկանդինավյան երկու երկրների ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Չավուշօղլուն նախազգուշացրել է՝ եթե Թուրքիայի պահանջները չկատարվեն, խորհրդարանը չի վավերացնի Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը։
500 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՉԱՓՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԵՄ-ն վերջնական որոշում է կայացրել Ուկրաինային 500 միլիոն եվրոյի չափով ռազմական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
ԵՄ Խորհրդից էլ հայտնում են, որ հուլիսի 21-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը։ Այն ներառում է ոսկու էմբարգո, ֆինանսական և առևտրային սահմանափակումների հստակեցում: ԵՄ-ի սև ցուցակն ընդլայնվել է:
Միաժամանակ ընդգծվում է, որ Ռուսաստանի հետ սննդամթերքի և պարարտանյութերի առևտրի համար Եվրամիությունը պատժամիջոցներ չի սահմանում։
ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են շարունակվել՝ վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
«Ո՛չ նախագահ Վլադիմիր Պուտինը, ո՛չ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երբեք չեն հայտարարել բանակցությունների դուռը փակելու մասին»,- նշել է Դմիտրի Պեսկովը։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Մոսկվային մեղադրում են գազը շանտաժի գործիք դարձնելու համար:
«Դա բացարձակ սուտ է: Եվրոպա գազի մատակարարման հետ կապված տեխնիկական ցանկացած խնդիր հենց եվրոպացիների սահմանած պատժամիջոցների հետևանքն է»,- շեշտել է խոսնակը:
Նա զգուշացրել է՝ պատժամիջոցները չեն ստիպի Մոսկվային փոխել իր դիրքորոշումը:
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԸ
Հունգարիայի կառավարությունը ցանկանում է, որ Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները մեծացվեն՝ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում Հունգարիայի համար ամենակարևորը էներգետիկ անվտանգությունն է: Դիվանագետի խոսքով՝ երկրի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ 700 մլն խմ գազ գնել, սակայն առանց ռուսական աղբյուրների դա հնարավոր չի լինի անել:
Սերգեյ Լավրովը, իր հերթին, հավաստիացրել է, որ Մոսկվան անհապաղ կդիտարկի այդ հարցը:
ԼԻԶ ԹՐԱՍԸ ԵՎ ՌԻՇԻ ՍՈՒՆԱԿԸ՝ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն անցել են վարչապետի պաշտոնի համար պայքարի վերջին փուլ, որի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերին:
Բորիս Ջոնսոնն էլ խորհրդարանում հանդես է եկել հրաժեշտի ելույթով: Նա խորհուրդներ է տվել հաջորդ վարչապետին, հորդորել «ավելի մոտ լինել ԱՄՆ-ին», «պաշտպանել ուկրաինացիներին», ինչպես նաև կրճատել հարկերը:
Ջոնսոնը եզրափակել է իր ելույթը «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» ֆիլմի գլխավոր հերոսի խոսքով: